11:30 | 13.06.17 | Նորություններ | 73387
Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին, որի շրջանակում Կարբիի դպրոցի One Step Ahead թիմի մշակած հավելվածը հաղթող է ճանաչվել «Կրթություն» անվանակարգում:
Թիմը՝ Armenian Sign Language հավելվածով, միջազգային կիսաեզրափակչում մրցել է աշխարհի 27 երկրից ներկայացված 99 թիմերի հետ, եւ օգոստոսին կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Համաշխարհային գագաթաժողովին եւ կստանա իր մրցանակը։
ՏՀՏ գործատուների միությունից տեղեկացրել են, որ տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին այս տարի մասնակցել է ՀՀ դպրոցների 10-18 տարեկան 214 աշակերտուհի: Նրանք ձեւավորել են 36 թիմ, իսկ հայաստանյան կիսաեզրափակիչ է դուրս եկել 22 թիմ: Ժյուրիի կողմից հայաստանյան մրցույթի հաղթող է ընտրվել վեց թիմ` երեք ավագ եւ երեք կրտսեր խմբերից: Նրանցից միջազգային կիսաեզրափակչին մասնակցել է մեկ ավագ թիմ եւ երկու կրտսեր թիմեր:
Ծրագիրը նախատեսում էր 12-շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել իրենց համայնքի սոցիալական խնդիրները եւ պատրաստել մոբայլ հավելված` լուծելու այդ խնդիրը:
Technovation Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպանն էր «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախագահ Նարինե Աբազյանը:
Մրցույթի հովանավոր՝ ՏՀՏ գործատուների միության անդամ «Յունիքոմփ» ընկերությունը տրամադրել է հայաստանյան մրցույթի ավագ եւ կրտսեր թիմերի առաջին եւ երկրորդ տեղերի մրցանակները, եւ որպես ժյուրիի անդամ՝ գնահատել թիմերի աշխատանքները:
Technovation Armenia ծրագիրը իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտը եւ «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն: Ծրագրին աջակցել եւ հովանավորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Technovation 2017-ին մասնակցել է 11 000 աշակերտուհի՝ ավելի քան 100 երկրից: