10:48 | 07.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 37992
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
CookMenu-ն փորձարկման փուլում գտնվող վեբ հարթակ եւ մոբայլ հավելված է, որն օգնում է որոնել եւ գտնել բաղադրատոմսեր ըստ նախընտրությունների, ինչպիսիք են՝ սառնարանի կամ դրամապանակի պարունակությունը, հասանելի ժամանակը, սննդային նախապատվությունները կամ հակացուցումները։
Ստարտափի համահիմնադիրներն են Արմենուհի Աբրամյանը, Նարինե Մանուկյանը, Գարիկ Հակոբյանը, Առաքել Մկրտչյանը:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի թիմը նշել է, որ թիրախում են տնային տնտեսուհիները, ուսանողները, խոհարարները եւ բոլոր այն մարդիկ, որոնք սիրում են պատրաստել։
CookMenu-ի հիմնական առավելությունն այն է, որ օգտագործողը հավելվածի համապատասխան բաժնում մեկ անգամ կարող է նշել իր սննդային նախապատվությունները կամ հակացուցումները եւ համակարգի կողմից ստանալ բաղադրատոմսեր՝ ըստ իր նախընտրությունների:
Խոսելով Armenia Startup Academy-ին մասնակցության մասին՝ CookMenu-ի թիմը նշել է, որ ստացած գիտելիքն ու փորձը նպաստել են պրոդուկտի բիզնես զարգացմանը:
Առաջիկա 1 տարվա ընթացքում կգործարկվեն CookMenu-ի մոբայլ եւ վեբ տարբերակները, կավելացվի բաղադրատոմսերի քանակը եւ հասանելի լեզուների թիվը:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան