12:35 | 29.05.18 | Նորություններ | 3188

«Այլ կերպ»-ի մրցաշարը կհամախմբի ՏՏ ոլորտի ընկերություններին

Հունիսի 2-ին, 15:00-ին «Բյուրո»-ում կանցկացվի «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղի մրցաշար՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների միջեւ:

Itel.am-ին կազմակերպիչ «ԱՅԼԿԵՐՊ» ընկերությունում տեղեկացրել են, որ մրցելու են ոչ թե պարզապես ծրագրավորողներ, այլ կազմակերպություններ: Թիմերը խաղին մասնակցում են իրենց կազմակերպության անունից:

«Այն, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խելացի են, լսել են բոլորը, իսկ թե որքանով են նրանք հայերենի գիտակ, կարելի է միայն ենթադրել: «ԱՅԼԿԵՐՊ»-ն առաջարկում է համատեղել այդ երկուսը՝ կազմակերպելով ինտելեկտուալ հայերեն մրցաշար: Որոշ ընկերություններում մասնակցել ցանկացողներն այնքան շատ էին, որ ընկերության ներսում նախ առանձին ներքին մրցաշար են անցկացրել, ընտրվել են լավագույնները, որոնք եւ ներկայացնելու են իրենց ընկերությունը հունիսի 2-ին»,- նշել են «ԱՅԼԿԵՐՊ»-ում:

Խաղն անցկացվելու է մրցաշարի սկզբունքով եւ մի քանի փուլով. պարտվողը դուրս է գալիս հետագա պայքարից: Թե որ ընկերությունն ում հետ կպայքարի, կորոշվի պարզ վիճակահանությամբ:

Հաղթող թիմը նվերներ կստանա «ԱՅԼԿԵՐՊ» ընկերության կողմից: Ցանկացողները կարող են ներկա լինել խաղին: