Renderforest հայաստանյան ընկերությունը, որը տեսանյութերի առցանց պատրաստման համանուն հարթակի ստեղծողն է, հայտարարել է հայերենի հինգ նոր տառատեսակի ստեղծման մասին։
Դրանք ունեն հայկական անվանումներ՝ «Նիկոլո», «Բոքոնիկ», «Երեւանյան», «Գրքալիր» եւ «Նորտառ»։
Տառատեսակները ստեղծել են ընկերության գրաֆիկ դիզայներներ Հրաչյա Հովհաննիսյանը, Անուշ Ղազարյանը եւ Արսեն Աիրյանը՝ մի քանի ամիս տեւած աշխատանքի ընթացքում:
Հրաչյա Հովհաննիսյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ տառատեսակները նախատեսված են տեքստային եւ ոչ տեքստային կիրառության համար։
«Նիկոլո», «Երեւանյան», «Գրքալիր» եւ «Նորտառ» տեսակները նախատեսված են տեքստային օգտագործման համար, իսկ պաստառների կամ գովազդների համար կիրառելի է «Բոքոնիկ» տառատեսակը։
Renderforest-ի տնօրեն Նարեկ Սաֆարյանը Itel.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ նախաձեռնությունը շահույթ չի հետապնդում եւ հանրայնացնելու միակ նպատակը ոլորտում դրական փոփոխություն կատարելն է։
Նրա խոսքով՝ սկզբում նախատեսվում էր, որ տառատեսակները պետք է օգտագործվեն միայն Renderforest-ի կայքում, բայց ավելի ուշ որոշվել է դրանք հասանելի դարձնել բոլորին։
«Թվայնացված աշխարհում մայրենի լեզվով պարզ եւ գեղեցիկ տառատեսակներ ունենալն անհրաժեշտություն է։ Առցանց հարթակում առկա մի շարք հայկական տառատեսակները, որոնք օգտագործվում էին Renderforest ընկերության կայքում, աչքի էին ընկնում կայքի հետ ոճական անհամապատասխանությամբ։ Այս հարցն էլ միտք հանդիսացավ, որ թիմը ձեռնամուխ լինի նոր տառատեսակների ստեղծմանը»,- պատմել է Նարեկ Սաֆարյանը:
Renderforest-ի տնօրենի խոսքով՝առաջիկա 20 օրվա ընթացքում նոր տառատեսակները հասանելի կլինեն առցանց հարթակում՝ առանց օգտագործման սահմանափակումների։
Ընկերությունը ծրագրում է շարքն ապագայում հարստացնել նոր տառատեսակներով։
Նարինե Դանեղյան