14:29 | 23.05.18 | Նորություններ | 3842
Citi հանրահայտ միջազգային կորպորացիան աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից է, որը գործում է բոլոր կայացած ու զարգացող շուկաներում:
Արձագանքելով համաշխարհային տնտեսության ամենախստապահանջ մարտահրավերներին ու միտումների արագ փոփոխմանը՝ Citi-ն արդեն հինգերորդ տարին է, ինչ հրապարակում է մի զեկույց, որտեղ ընդգրկվում են տարվա բեկումնային նորարարությունները ամենատարբեր ոլորտներում:
Blockchain, Hyperloop, CRISPR եւ այլ տեխնոլոգիաների հետ մեկտեղ՝ 2017 թվականի զեկույցում ընդգրկված է նաեւ թութունի տաքացման IQOS համակարգը։
Թութունի տաքացման IQOS տեխնոլոգիան համարվում է ծխախոտի արտադրության ոլորտի ամենանշանակալի նորարարությունը էլեկտրոնային սիգարետից հետո։
Թութունը տաքացնող սարքերը թույլ են տալիս վայելել իրական ծխախոտի համը առանց այրման եւ խուսափել վնասակար ծխից ու տհաճ հոտից։ Այրման բացակայության շնորհիվ ծխախոտային արտադրանքի օգտագործման արդյունքում շրջակա միջավայր արտանետվում են ավելի քիչ վնասակար նյութեր։ Citi-ի զեկույցում նշվում է, որ վաճառքի պաշտոնական մեկնարկից ի վեր IQOS թութունի տաքացման համակարգը ծխախոտի շուկայի զգալի հատված է գրավել, ինչին նախորդ սերնդի նորարարությունը՝ էլեկտրոնային սիգարետը, թերեւս, ունակ չէր լինի։ IQOS-ն արդեն իսկ հեղափոխել է Ճապոնիայի ծխախոտի շուկան ու հաջողությամբ ընդունվել աշխարհի մոտ 40 երկրում։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ թութունի տաքացման համակարգերի իրավական ու հարկային կարգավորմանը՝ որպես այլընտրանքային ծխախոտային արտադրանք։ Նշվում է, որ ԱՄՆ-ի Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության փորձագիտական կոմիտեին վերջերս դրականապես գնահատեց թութունի տաքացման համակարգերի վնասի նվազեցման պոտենցիալը։ Հնարավոր է, որ մյուս երկրները նույնպես հետեւեն ԱՄՆ օրինակին։ Իսկ հարկային արտոնությունների առումով արձանագրվում է, որ համեմատած ավանդական ծխախոտի հետ, այլընտրանքային ծխախոտային արտադրանքների նկատմամբ բոլոր երկրների հարկային դաշտում ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, ինչը լրացուցիչ խթան է ծխողների շրջանում նորարարական այս պրոդուկտների վերաբերյալ տեղեկացվածության տարածման եւ վերջիններիս առավելությունների ներկայացման առումով։
Բժշկության ոլորտում բեկումնային նորարարություն է ճանաչվել CRISPR տեխնոլոգիայի վրա հիմնված գենային խմբագրումը, որը թույլ է տալիս, օրինակ, գենետիկ հիվանդություն ունեցող պտղին բուժել՝ խմբագրելով թերի գենն ու լույս աշխարհ բերել բոլորովին առողջ երեխայի։
CRISPR-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մեկընդմիշտ փոփոխել կենդանի օրգանիզմի գենետիկ կոդը։ Գեների խմբագրման հաջողություններ արդեն իսկ արձանագրվել են ինչպես պարզագույն կենդանի օրգանիզմների, այնպես էլ կապիկների վրա փորձեր կատարելիս։ Մինչ առաջընթացն այս ոլորտում կարող է աստիճանական ու փոփոխական լինել, արդեն իսկ ակնհայտ է, որ գենի խմբագրումը կարող է արմատականորեն փոխել բժիշկների եւ գիտնականների մոտեցումները հիվանդությունների կառավարման հարցում՝ հաշվի առնելով գենի մակարդակով բուժման հնարավորությունը։
Տրանսպորտային նոր մոդելների հիմքում ընկած են Հայփերլուփ (Hyperloop) համակարգերն ու արհեստական ինտելեկտով կառավարվող ինքնաթիռները։
Հայփերլուփը համարվում է տրանսպորտի հինգերորդ տեսակը՝ նավից, ինքնաթիռից, ավտոմեքենայից ու գնացքից հետո։ Կոնցեպտի հեղինակն է Tesla եւ SpaceX հիմնադիր Իլոն Մասքը։ Պատկերացրեք, որ А կետից B կետ տեղափոխվելու համար այլեւս հարկավոր չէ ինքնաթիռ նստել, բավարար է վակուումային խողովակով 480-1220 կմ/ժ արագությամբ սլանալ դեպի նպատակակետը։
Ֆինանսական ոլորտում բեկումնային նորարարություններ հայտնվում են գրեթե ամեն օր։ Ամենաբեկումնայինն այստեղ, թերեւս, բլոկչեյնն է․ նորարարությունն ունի մասշտաբային հետեւանքներ՝ ավելի լայն, քան ընդամենը ֆինանսական ոլորտի սահմանները։ Բլոկչեյնի կոնցեպտն առաջին անգամ առաջարկել է ճապոնացի Սաթոշի Նակամոթոն 2008 թվականին, իսկ առաջին անգամ կոնցեպտը կիրառվել է 2009 թվականին ու դրվել թվային տարադրամի՝ բիթքոինի հիմքում։ Ժամանակակից իրականությունը թույլ է տալիս փոխանակվել տեղեկատվությամբ հեռավորության վրա, իսկ ֆինանսական արժեքները փոխանակելու համար ինչպես եւ նախկինում անհրաժեշտ էին միջնորդներ ու բանկային հաշիվների հետ ինտերակցիա։ Բլոկչեյն ու բիթքոյին տեխնոլոգիաները թույլ են տալիս շրջանցել այդ միջնորդներին, ինչը զգալիորեն կրճատում է գործարքների ինքնարժեքը, նվազեցնում ժամանակի կորուստն ու ուրվագծում մի շարք այլ առավելություններ։
Ծրագրավորման ոլորտում բեկումնային նորարարություն է ճանաչվել Citizen Developers (ծրագրավորող քաղաքացի) ծրագրավորման խմբի առաջարկած կոնցեպտը, որում շատ վերլուծաբաններ տեսնում են ծրագրավորման ապագան։ Կոնցեպտը ավտոմատացման համաշխարհային պահանջի պատասխանն է ու թույլ է տալիս պարզագույն ծրագրավորման գործիքների օգտագործմամբ (այսպես կոչված «low code» գործիքներ), առանց ծրագրավորման ոլորտում ունեցած կրթության ու մասնագիտական վերապատրաստման, մշակել ծրագրեր ու հավելվածներ։
Խելացի ռոբոտային տեխնիկա
Համագործակցող ռոբոտների (collaborating robot - Cobot), կամ այլ կերպ ասած՝ Կոբոտների շուկան, բավականին նոր է։ Միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ մինչեւ 2020 թվականը շուկայի ծավալները կհասնեն 2 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ավելին, տարեկան աճելով 25%-ից ավելի, 2025 թվականին այդ գումարը կաճի մինչեւ 7 միլիարդ ԱՄՆ դոլար։
Համագործակցող ռոբոտը նախագծված է աշխատանքային միջավայրում մարդկանց հետ ֆիզիկապես հաղորդակցվելու համար։ Հատկանշական է, որ կոբոտներն ունեն մարդու ձեռքը կրկնօրինակող կարգավորելի շարժական աշխատանքային թեւեր, ինչը հնարավոր է դարձնում վերջիններիս կիրառությունը նաեւ մարդկանց կյանքին կամ առողջությանը պոտենցիալ վտանգ ներկայացնող միջավայրերում։
Հեղուկ բիոփսիան քաղցկեղի ախտորոշման սկզբունքորեն նոր տեսակ է, որը հիմնված է արյան անալիզի վրա եւ թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության, միայն արյան հետազոտության շնորհիվ, հաստատել կամ հերքել ուռուցքի առկայությունն անգամ վերջինիս զարգացման նախնական շրջանում։ Ասել, որ հեղուկ բիոփսիայի շուկայի աճի միտումները հուսադրող են՝ նշանակում է ոչինչ չասել․ առաջիկա 10 տարիների ընթացքում ակնկալվում է, որ շուկայի ծավալները կգերազանցեն 10 միլիարդ դոլարը։