12:19 | 18.05.18 | Նորություններ | 5658

Դավիթ Յանն արհեստական բանականությամբ աշխատող համակարգ է գործարկում

ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի կողմից ստեղծած Yva համակարգը նախնական ռեժիմով սկսել է գործել ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստանում կոմերցիոն գործարկումը նախատեսված է սեպտեմբերին:

Yva-ն արհեստական բանականության վրա հիմնված բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ է: Այն միանում է կորպորատիվ էլփոստին, մեսենջերներին, իրականացնում է աշխատակիցների հարցումներ եւ վերլուծում ստացված տվյալները:

Արդյունքում ծառայությունը ստեղծում է առաջարկներ եւ նախազգուշացումներ՝ ուղղված աշխատակիցներին եւ ղեկավարին, որ պետք է ավելացնել վաճառքները, զգուշացնել կարեւոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատումների մասին եւ հայտնաբերել առկա այլ ռիսկեր:

«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ ներկայում համակարգն աշխատում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, իսկ սեպտեմբերից այն կունենա նաեւ ճապոներեն, չինարեն եւ գերմաներեն տարբերակներ:

Նախագծի մշակումը կհիմնվի Դավիթ Յանի մեկ այլ ընկերության՝ Findo որոնման համակարգի վրա, իսկ ABBYY-ն հանդես կգա որպես ԱՊՀ երկրներում եւ Ռուսաստանում նախագծի դիստրիբյուտոր:

«Վաղ նախազգուշացումն աշխատանքից ազատումների մասին եւ կարեւոր աշխատակիցներին Ռուսաստանում պահելը ընկերությունների համար տնտեսում է միլիոնավոր ռուբլիներ, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է մինչեւ $100 հազ. եւ ավելի»,- ընդգծում է Դավիթ Յանը:

Yva-ն ֆիքսում է նաեւ աշխատակիցների հետաքրքրության կորուստն աշխատանքի նկատմամբ, ահազանգում աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ կոնֆլիկտների մասին: Գործարկման մեկնարկին Yva-ն համատեղելի կլինի Office 365-ի, G-Suit-ի, Slack-ի եւ Github-ի հետ, իսկ տարեվերջին այդ ցանկում կլինեն ավելի քան 30 հարթակներ:

Դավիթ Յանը նշում է, որ այս պահին ԱՄՆ-ում կորպորատիվ անալիտիկայի շուկան գնահատվում է $1 մլրդ, իսկ առաջիկայում այդ շուկան «պայթուցիկ աճ» կարձանագրի: Արդյունքում շուկայի ծավալները մինչեւ 2023թ. աշխարհում կհասնեն $20 մլրդ, իսկ ընկերությունները կսկսեն նեյրոցանցերին ավելի ու ավելի շատ վստահել ներքին գործընթացները:

«Ռոբոտ Վերա» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Ուրասկինը, խոսելով Yva-ի մասին, նշում է, որ նման նախագծերը ցույց են տալիս, որ արհեստական բանականությունն ու մարդը ոչ թե հակամարտում են, այլ փոխլրացնում միմյանց:

«Բիզնեսը վաղուց օգտագործում է մի շարք գործիքներ հաղորդակցության եւ թիմերի ու պրոցեսների կառավարման համար, բայց մարդկանց վերաբերյալ որոշումները շարունակում են նախկինի պես ընդունվել ինտուիցիայի եւ սուբյեկտիվ զգացմունքների հիման վրա, չնայած նրան, որ ընկերությունները տասնյակ ներքին հարցումներ եւ հետազոտություններ են իրականացնում»,- նշում է նա:

Խոսելով Yva-ի ուժեղ կողմի մասին՝ Դավիթ Յանն ընդգծում է, որ համակարգն ինքնուրույն հավաքում է տվյալներ, վերլուծում դրանք, կանխատեսումներ անում, իսկ մարդու ներգրավվածությունն այս ամենում նվազագույն է, ինչի արդյունքում տնտեսում է ժամանակ, իսկ որոշումները չեն ընդունվում անձնական զգացմունքների հիման վրա: