16:51 | 06.04.18 | Նորություններ | 28383

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դասախոսել է Ամերիկյան համալսարանում

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Այդ ամենով հանդերձ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլեւ երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ:

Ըստ Յիրիկյանի՝ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու եւ արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետեւողական քայլեր կատարեն:

Նա ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբար:

«Պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից եւ աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու եւ նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է եւ արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը եւ ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը.

«Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, եւ ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է: Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
    
«Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի սեւեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը եւ հետեւություններարեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»,- հավելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: