10:58 | 06.03.18 | Նորություններ | 4122

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի թվայնացմանը

Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական եւ բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսն ասել է, որ ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը Հայաստանի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է։
 
Այս մասին ԱՄՆ պաշտոնյան նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մարտի 5-ին կայացած հանդիպմանը:
 
Բրայան Մաքֆիթերսն ընդգծել է, որ պատրաստ են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաեւ խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։
 
Նախարարն էլ նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության բավական հաջող փորձ է ձեւավորվել եւ հույս հայտնել, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։

Միաժամանակ, Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնել ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:

Քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։