Ամփոփվել են CAST փորձարարական նախագծի արդյունքները, որի նպատակն էր այլընտրանքային լոկալ ցանցեր ստեղծել Հայաստանի հեռավոր բնակավայրերում, որտեղ ինտերնետը դժվար հասանելի է, խնդրահարույց կամ պարզապես ոչ մատչելի։

Ծրագիրն իրականացրել են հայ-բրիտանական WICASTR ստարտափը, Միացյալ Թագավորության Կենտրոնական Լենքշր համալսարանը (UCLAN) եւ Impact Hub Yerevan-ը:

CAST-ը, որի մեկնարկը տրվել էր դեռեւս 2016-ին, օգտագործել է WICASTR-ի տեխնոլոգիան Հայաստանի հեռավոր գյուղերում անկախ եւ ապակենտրոնացված ցանցեր ստեղծելու եւ բնակիչներին օֆլայն մեդիա բովանդակություն տրամադրելու համար։

Նախագծի շրջանակում ընտրվել են Լեռնապատ, Կամարիս եւ Լճաշեն գյուղերը, որտեղ տեղադրվել են WICASTR-ի 26 սարքերը՝ բնակիչներին հնարավորություն տալով իրենց սմարթ հեռախոսների Wi-Fi-ի միջոցով օգտվել հետաքրքրող մեդիա բովանդակությունից (թերթեր, հաղորդումներ, աուդիո եւ վիդեո նյութեր, համայնքին վերաբերող տեղական նորություններ), ինչպես նաեւ հայտարարությունների եւ առք ու վաճառքի ընդհանուր հարթակից։

CASТ-ը հայ-բրիտանական WICASTR ստարտափի նախագիծն է, որը ստեղծում է կապի եւ տեղեկատվության ստացման այլընտրանքային ու մատչելի ճանապարհ՝ հնարավորություն տալով մարդկանց լինել տեղեկացված՝ անկախ նրանց գտնվելու վայրից: