11:15 | 07.02.18 | Հարցազրույցներ | exclusive 194538

Համդան Ազար. Ինչ տեսա Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել

Հունվարի վերջին Հայաստան այցելած բիթքոինի փորձագետների պատվիրակության կազմում էր Facebook-ի նախկին գիտաշխատող, Zap.org-ի առաջատար գիտնական Համդան Ազարը, որը պատասխանել է Itel.am-ի հարցերին:

- Մարդիկ հաճախ են իրենց հեռու պահում բիթքոին գնելուց՝ պատճառաբանելով, որ 1 բիթքոինը բավական թանկ հաճույք է եւ անհնար է 1միավորից պակաս գնել: Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը:

- Այն, որ չի կարելի գնել 1 բիթքոինից պակաս, երեւի կրիպտոարժույթների մասին ամենամեծ թյուրըմբռնումներից մեկն է ներկայում: Մարդկանց թվում է, թե 1 բիթքոինն ամենափոքր միավորն է՝ դա այդպես չէ, կարող եք գնել բիթքոինի մինչեւ 1/100 մլն-րդ մասը՝ 1 սատոշի (բիթքոինի ամենափոքր միավորը):

-Որտե՞ղ է հնարավոր սպառել կրիպտոարժույթները: Ինչպե՞ս դրանք օգտագործել առօրյայում:  

- 4 տարի առաջ շատ քիչ մարդ գիտեր, թե ինչ են կրիպտոարժույթները:
Այսօր արդեն բազմաթիվ հարթակներ կան, որոնք բիթքոինով վճարումներ են ընդունում, կարող եք մեծ զեղչերով նվեր քարտեր գնել նաեւ այդ օնլայն ռեսուրսներից:

Կրիպտոարժույթներից օգտվելը կրթական վարժություն է, մարդիկ պետք է այդ ուղղությամբ կրթություն կստանան: Ես հաճախ եմ տաքսիի համար վճարում բիթքոինով: Օրինակ՝ Լոնդոնում տաքսու վարորդի հետ էի զրուցում, որը չգիտեր բիթքոինի մասին, եւ երբ պատմեցի նրան, այնքան ոգեւորված էր, որ նախընտրեց, որպեսզի գումարն իրեն վճարենք ոչ թե ֆունտով, այլ բիթքոինով:

- Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը՝ կապված Հայաստանի հետ:

- Շատ բաներ ենք ցանկանում անել Հայաստանում՝ աջակցել տնտեսությանը, Հայաստանը դարձնել կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոն: Ինչո՞ւ ոչ, մարդիկ այստեղ խելացի են, գիտեն մի քանի լեզու, կառավարությունը առաջադեմ է: Մենք Հայաստանը համարում ենք կենտրոն՝ տեխնոլոգիաների, նորարարության եւ կրիպտոարժույթների համար:

Մենք եղել ենք տասնյակ երկրներում եւ այն, ինչ տեսա Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել: Ուզում եմ ասել, որ անցյալը միշտ չէ, որ ձեւավորում է ապագան, եւ ապագան երբեմն կարող է ավելի լավը լինել, քան անցյալը: Հայաստանը երկրպագության վայր էր դեռ հազարամյակներ առաջ: Հիմա այն պետք է դառնա կրիպտոարժույթների ուսումնասիրության կենտրոն:

Մենք ցանկանում ենք, որ այս հարցում մեզ օգնեն հայերը: Ցանկանում ենք խոսել մարդկանց հետ, որոնք կցանկանան համագործակցել՝ այդ նպատակին հասնելու համար:

- Հայաստանում Ձեր ունեցած հանդիպումների ընթացքում պարզե՞լ եք, թե՞ մոտավոր որքան մարդ է այստեղ մայնինգով զբաղվում կամ կրիպտոարժույթ ունի:

- Չեմ կարող այս հարցին հստակ պատասխան տալ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանում շատերն են մայնինգով զբաղվում՝ հաշվի առնելով այն, որ էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան աշխարհի բազմաթիվ այլ կետերում:

Հայաստան այցելության ընթացքում մեր բոլոր միջոցառումները լի էին հետաքրքրված մարդկանցով:  

«Թումո»-ում հանդիպեցինք ոգեւորված պատանիների, շուրջ 200 հոգի ներկա էր Ամերիկյան համալսարանի հանդիպմանը, իսկ երբ այցելեցինք Ազգային ժողով, բազմաթիվ պատգամավորներ էին հերթ կանգնած՝ կրիպտոարժույթների մասին խոսելու նպատակով:

- Աշխարհում կան կրիպտոարժույթների հազարավոր տեսակներ: Դրանք մրցակցության մե՞ջ են:

- Ոչ, ամենեւին: 3000-ից ավելի կրիպտոարժույթները մրցակից չեն, ընդհակառակը՝ դրանց հիմնադիրները լավ ծանոթներ են, մասնակցում են միեւնույն կոնֆերանսներին, քննարկումներ վարում: Մենք նույն մրցավազքի մեջ ենք եւ միասին ենք աշխատում՝ աշխարհը ապակենտրոնացված դարձնելու նպատակով:

Համդան Ազարի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը