17:29 | 01.02.18 | Նորություններ | 23450

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունքով կվաճառի Honor 9 Lite սմարթֆոնը

Այսօր Երեւանում կայացել է Honor 9 Lite սմարթֆոնի շնորհանադեսը, որը բացառիկ իրավունքով Հայաստանում կվաճառի ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մոդելը հասանելի կլինի գունային երեք տարբերակով՝ կեսգիշերային սեւ, շափյուղագույն կապույտ եւ սառցե մոխրագույն:

Հայաստանում սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի փետրվարի 14-ին: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 127 900 դրամով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի խանութներում, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

«Մենք կարողացել ենք ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն Huawei աշխարհահռչակ ընկերության հետ, ըստ որի՝ Honor ուղղության հեռախոսներն ապագայում միայն կվաճառվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում: Huawei-ի հետ երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք, եւ մեր շարժական կապի ցանցն արդեն իսկ աշխատում է՝ հիմնված այդ ընկերության նորարար տեխնոլոգիական լուծումների վրա»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընտրվել է որպես Honor բրենդի բացառիկ գործընկեր՝ ներառյալ Honor 9 Lite-ը եւ դրան հաջորդող մոդելների շարքը:

«Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական եւ սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«2018թ. մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, եւ այդ առումով Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից մեկն է: Գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երեւանի եւ մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո»,- ասել է Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահ Օու Իվեյը:

Նա նշել է, որ բոլոր շանսերն ունեն հայաստանյան շուկայում առաջատարի դիրք զբաղեցնելու:

«Ականատես լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողություններին, ցանկություն հայտնեցինք, որ մեր բիզնեսը համատեղ կարողանա զարգանալ: Այն բանից հետո, երբ Honor 9 Lite-ը ներկայացվեց Ռուսաստանում, որոշեցինք գալ ԱՊՀ երկրների շուկա:  Առաջին երկիրը, որտեղ եկանք, Հայաստանն էր, քանի որ այն մեզ համար առաջնահերթ շուկա է հանդիսանում»,- շեշտել է Օու Իվեյը:

Honor 9 Lite-ն ունի 13 ՄՊ եւ 2 ՄՊ մոդուլներից բաղկացած երկու կրկնակի տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ նկարներ՝ գտնվելով օբյեկտիվի ցանկացած կողմում:

Honor 9 Lite-ը ստացել է 5,65 անկյունագծով եւ 1080×2160 լուծաչափով FullView էկրան, որն ավելի մեծ հարմարավետություն է ապահովում  21:9 կադրի ձեւաչափով կինոֆիլմեր դիտելիս, ինտերնետում տեղեկություններ փնտրելիս եւ կարդալիս:

Սմարթֆոնը կառուցված է  Kirin 659 8-միջուկանի պրոցեսորի  հիման վրա՝ պատրաստված 16 նմ տեխնոլոգիական պրոցեսով եւ ապահովված Mali-T830 գրաֆիկական մոդուլով:  3 ԳԲ օպերատիվ հիշողությունը ապահովում է մեծ հնարավորություններ ունեցող հավելվածների օգտագործումը եւ բազմաֆունկցիոնալ ռեժիմների աշխատանքը: Ներկառուցված 32 ԳԲ մարտկոցը եւ մինչեւ 256 ԳԲ ծավալով հիշողության քարտը հնարավորություն են տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն եւ տեսագրություններ: Սմարթֆոնն աշխատում է մի շարք թարմացումներ ստացած Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով եւ EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով, որոնք ապահովում են օգտագործման առավելագույն հարմարավետություն, արագացնում են հավելվածների աշխատանքը եւ նվազեցնում էներգասպառումը՝ ի հաշիվ ռեսուրսների խելամիտ բաշխման: