13:54 | 25.12.17 | Նորություններ | 37507
Ucom հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ` Ucom-ի բաժանորդների կողմից հանգանակած գումարով հնարավոր է դարձել տուն գնել Սիսիանի տարածաշրջանի համայնքներից մեկում բնակվող Կարախանյանների ընտանիքի համար:
27 տարի անց Կարախանյանների ընտանիքը վերջապես ունեցավ իր տունը, որը գնվել է Վորլդ Վիժն Հայաստանի եւ Ucom ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ եւ կահավորվել է Վորլդ Վիժնի աջակցությամբ:
Արդեն 1 տարի է, ինչ ընտանիքն ընդգրկված է Վորլդ Վիժնի «Աղքատության նվազեցման եւ փուլային զարգացման» ծրագրում, որի շրջանակում տարվում է ինտենսիվ սոցիալական աշխատանք:
Ծայրահեղ աղքատ պայմաններում հայտնված Կարախանյանների ընտանիքը բնակվում էր գյուղի չորրորդ կարգի վթարային վիճակում գտնվող ակումբի շենքում: Ընտանիքի հայրը շուրջ 7 տարի է, ինչ մենակ է խնամում իր 6 երեխաներին: Ընտանիքում կնոջ ձեռքի բացակայությունը նպաստել է աղքատության խորացմանը: Առկա են մի շարք խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ, տարրական կենցաղավարման հմտությունների բացակայություն, կացարանի եւ երեխաների սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Աղջիկներից մեկը տանը չի գիշերում, մնում է հարեւանի տանը, եւ մյուս երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են հարեւանների ու այլ ծանոթների տանը:
«Նոր եմ եկել բանակից ու հենց մեր նոր տուն գնանք, մի «մեշոկ» ալյուր եմ առնելու ու լավաշ թխեմ, որ մեր նոր տան մեջ էրեխեքը էլ երբեք սոված չմնան»,- վճռել է Արթուրը՝ ընտանիքի մեծ տղան:
«Այսօր Ucom-ի բաժանորդները չափազանց բարի գործ իրականացրեցին իրենց կողմից ուղարկված SMS-հանգանակությունների շնորհիվ: Հազարավոր սրտացավ բաժանորդների ջանքերով Կարախանյաններն իրենց Ամանորը կդիմավորեն տաք, ջերմ, լուսավոր ու բարի ընտանեկան միջավայրում, որի մասին մի ամբողջ կյանք է, ինչ երազում են», - ասել է Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում ամենակարեւոր շեշտադրումն այն է, որ նյութական աջակցությանը զուգահեռ պետք է զարգացնել նաեւ ինքնուրույն կյանք վարելու հմտությունները, որպեսզի ընտանիքը կարողանա արժանապատվորեն ապրել` առանց արտաքին միջամտության: Վորլդ Վիժնը կշարունակի աշխատել Կարախանյանների հետ, որպեսզի մի որոշ ժամանակ անց համատեղ ջանքերով հասնենք ցանկալի արդյունքին»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։