11:00 | 19.12.17 | Նորություններ | exclusive 6296

Global Game Jam Armenia 2018 հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր

2018թ. հունվարի 26-28-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Global Game Jam Armenia 2018 խաղերի միջազգային հաքաթոնը:

Noor Games-ի, ԻՏՁՄ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած հաքաթոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Itel.am-ին Noor Games-ից հայտնել են, որ մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ: 48 ժամ տեւողությամբ հաքաթոնի ընթացքում կարելի է ստեղծել կամայական ոճի խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ):

Մասնակիցներն իրենց հետ պետք է բերեն անհրաժեշտ ամեն ինչ (համակարգիչ, մոնիտոր, VR ակնոցներ եւ այլ տեխնիկա, գրենական պիտույքներ, սնունդ եւ այլն):

Հիշեցնենք, որ Global Game Jam Armenia 2017-ին մասնակցել է 5 թիմ (30 մասնակից):

Խաղերի թեմաներն էին ալիքները (ձայնային, լուսային, ծովային) եւ ձգողականության ուժը:

Հաքաթոնի շրջանակում ստեղծվել են հետեւյալ խաղերը՝ Psychedelic Waves, Star catchers, Noizes, Reach 2 Sea, The Fault in Our Waves եւ Breaktrough wave, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Global Game Jam Armenia-ն միջազգային Global Game Jam հաքաթոնի հայաստանյան միջոցառումն է: 2017թ. ազգային հաքաթոններ են անցկացվել 95 երկրում: