15:21 | 15.12.17 | Նորություններ | 25051

Հայաստանում խելացի օրորոց է ստեղծվել

Դեկտեմբերի 14-ին ներկայացվել է Հայաստանում ստեղծված առաջին սմարթ օրորոցը՝ Cribby-ն:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներից Սերգեյ Նավասարդյանը պատմել է, որ թիրախում այն բոլոր ծնողներն են, որոնք ցանկանում են թեթեւացնել իրենց առօրյան:

«Չենք ուզել ասել՝ սա նոր տեխնոլոգիա է: Սա մանկական մահճակալ է՝ օրգանիկ փայտով պատրաստված, որն ունի հավելյալ տեխնոլոգիական հնարավորություններ՝ ծնողի կյանքը թեթեւացնելու համար: Սա մեր հիմնական նպատակն է»,- ընդգծել է նա:

Հավելյալ տեխնոլոգիական հնարավորությունները ներառում են՝ ներկառուցված տեսախցիկ, բարձրախոսներ, միջավայրի լուսավորություն, կշեռք, օդի սենսոր, տարբեր ժողովուրդների օրորոցայինների հավաքածու: Ծնողները ցանկացած պահի սմարթֆոնի օգնությամբ կարող են տեսնել օրորոցը եւ փոքրիկին, ինչպես նաեւ լուսանկարել եւ տեսանկարահանել երեխային:

Cribby-ի ինտենսիվ մշակումը վերջին 2-3 ամիսներին է իրականացվել: Գործընթացի վրա դիզայներների եւ ծրագրավորողների 8-հոգանոց թիմ է աշխատում:

Սերգեյ Նավասարդյանի խոսքով՝ իրենց հաջորդ քայլը վերջնական նախատիպին ավելի մոտենալն է:

«Այս միջոցառման միջոցով փորձում ենք շփվել հանրության հետ, հասկանալ մարդկանց կարծիքները, ցույց տալ գործընթացը, ինչը շատ կարեւոր է մեզ համար: Դեռ աշխատելու տեղ կա, մինչեւ վերջնական մշակենք եւ ունենանք այն, ինչը պատկերացնում ենք», -ասել է նա:
 
Ստարտափի տեխնիկական մասի համակարգող Աշոտ Գասպարյանն էլ տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում պատրաստ կլինի օրորոցի այն տարբերակը, որը շուկա կհանեն:

«Այսօրվա դրությամբ կան օրորոցներ, որոնք ունեն քնեցնելու, երգելու գործառույթներ, բայց չկան բոլորը մեկում օրորոցներ, որոնք ունենան թե՛ ձայնի սենսորներ, թե՛ շարժման սենսոր, տեսախցիկ, ինֆորմացիա, որը մշակվում է ինչպես ամպերում, այնպես էլ արխիվացվում հեռախոսում: Այս գործառույթներն անընդհատ զարգանալու միտում ունեն»,- նշել է նա:

Cribby-ի գաղափարի հեղինակը Գոռ Շահբազյանն է: Հայր դառնալուց հետո նա հասկացավ, որ երեխայի խնամքի համար անհրաժեշտ են հավելյալ tech գործառույթներ, որոնք կօգնեն կյանքը թեթեւացնել, եւ ստեղծվեց Cribby-ն:

Գոռ Շահբազյանի խոսքով՝ 2018թ. կեսին նախատեսում են արտադրություն սկսել:

«Հետագայում հնարավոր կլինի վիդեոի միջոցով երեխայի աճին հետեւել եւ ոչ միայն: Ամբողջ ինֆորմացիան հնարավոր կլինի պահել «ամպային» հարթակում, այդ թվում՝ երեխայի լուսանկարները»:

Խոսելով այն մասին, թե արդյոք օրորոցը մատչելի կլինի միջին վիճակագրական հայ ընտանիքի համար, Գոռ Շահբազյանն ասել է.

«Երբ iPhone են գնում, ոչ ոք չի մտածում, որ $1000-1500-ը շատ է հեռախոսի համար, բայց հենց հերթը հասնում է իրերին, որոնք տնից դուրս չեն երեւալու, խնայում են (ծիծաղում է- խմբ.): Իմ կարծիքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ iPhone գնել, կկարողանան նաեւ գնել օրորոցը»,- ասել է նա:  

Նարինե Դանեղյան