14:05 | 08.12.17 | Նորություններ | 20386

Ucom-ի աջակցությամբ գործարկվել է stem.am հարթակը

Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» եւ «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվել է ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը:

Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն,  մաթեմատիկա) զարգացման ծրագրի  հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության եւ բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով:

«Այն խնդիրը, որի հետ հաճախ ենք առնչվել ու ցանկանում ենք լուծել այս կայքի միջոցով, ինտերնետի առկայության պարագայում որոշակի չափով լուծում ենք: Շատ հաճախ, երբ մարզերում ու հեռավոր գյուղերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք այցելում, նկատում ենք դպրոցներում ուսուցչական կազմի խիստ պակաս: Այս կայքն ստեղծված է հենց այսպիսի բնակավայրերում ապրող երեխաների մոտ գիտելիքի պակասը լրացնելու եւ հմտությունները զարգացնելու համար», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ծրագրի շրջանակներում գործելու են ծրագրավորման, տիեզերագիտության, մաթեմատիկայի, թռիչքային ապարատների նախագծման կիրակնօրյա ակումբներ: Դրանց արդյունքում ձեւավորված կիրակնօրյա դպրոցի դասընթացները կհեռարձակվեն STEM ալիքով եւ հասանելի կլինեն Հայաստանի բոլոր դպրոցականների համար: