Արմեն Կարապետյանը
11:41 | 27.11.17 | Նորություններ | 5443
Հայաստանում 2017թ. հունվար-մայիս ամիսներին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների եւ վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։
Տվյալները ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ, որը բաշխված բարդ ենթակառուցվածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում կամավոր մասնակիցներից կիբերանվտանգության հետ կապված տվյալների անանուն հոսքերի մշակման համար։
Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ վարակման սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Երեւանում՝ 69.21%։ Ցանկում հաջորդն են Արարատի մարզը (21.85% ցուցանիշով), Կոտայքի մարզը (19.68%), Լոռու մարզը (12.50%), եւ «առաջատարների» հնգյակը եզրափակում է Շիրակի մարզը (10.70%)։
Հայաստանի՝ վարակման սպառնալիքի ենթարկված տարածաշրջանների բաժինները
Տարածաշրջաններ | Վարակման գրանցված փորձերի բաժինը | Գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը |
Երեւան | 59,69% | 69,21% |
Արարատ | 7,65% | 21,85% |
Կոտայք | 12,20% | 19,68% |
Լոռի | 3,46% | 12,50% |
Շիրակ | 3,37% | 10,70% |
Արմավիր | 3,06% | 9,88% |
Գեղարքունիք | 2,78% | 9,74% |
Սյունիք | 3,73% | 7,01% |
Արագածոտն | 0,84% | 5,40% |
Տավուշ | 0,87% | 4,74% |
Վայոց ձոր | 1,42% | 2,56% |
«Ցավոք, դեռեւս հիմնախնդիր է օգտատերերի մեծ մասի կողմից ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը, ինչպես նաեւ պատշաճ հակավիրուսային ծրագրերի օգտագործման մշակույթի բացակայությունը: Շատերը նաեւ ոչ անհրաժեշտ լրջությամբ են մոտենում համացանցային անվտանգության կանոններին: Կարեւոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին եւ կանոնավոր թարմացումները եւ թվային աշխարհում անվտանգության կանոններին հետեւելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»,- ընդգծել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։