15:35 | 15.11.17 | Նորություններ | exclusive 16815

«Գրանատուս Վենչուրս»-ը ներդրում է կատարել IntelinAir-ում

Հայաստանում գործող «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել IntelinAir ընկերությունում:

IntelinAir-ը հիմնադրել են ամերիկահայ գործարար Ալ Եսայանը եւ գիտնականներ Նաիրա Հովակիմյանն ու Արա Նեֆյանը:

Itel.am-ի հետ զրույցում Նաիրա Հովակիմյանը տեղեկացրել է, որ ներդրումը կօգտագործվի ընկերությունը զարգացնելու նպատակով:

«Մենք արդեն ունենք 11 գիտնականներ եւ ինժեներներ, որոնք աշխատում են հայաստանյան թիմում: Լրացուցիչ ներդրումը հնարավորություն կտա ընդարձակել թիմը եւ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, խրախուսել գաղափարների փոխանակումը եւ համագործակցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- նշել է Նաիրա Հովակիմյանը:  

«Գրանատուս Վենչուրս»-ում չեն մանրամասնել ներդրման չափը:

««Գրանատուս Վենչուրս»-ի թիմը վստահ է, որ հրապուրիչ կոմերցիոն հնարավորություններին զուգահեռ ներդրումը նաեւ կնպաստի խոր տեխնոլոգիական եւ ձեռներեցական իրավասությունների զարգացմանը լոկալ մակարդակում»,- նշված է վենչուրային ընկերության տարածած հաղորդագրությունում:
 
IntelinAir ընկերությունը, որը թռչող սարքերի օգնությամբ բարձրորակ լուսանկարներ է կատարում՝ մշակելով դաշտերի «տոմոգրաֆիկ պատկերը»: IntelinAir-ի կենտրոնակայանը Սան Խոսեում է, ընկերությունը գրասենյակ ունի նաեւ Իլինոյսի համալսարանի տարածքում:

Թիմի հայաստանյան մասնաճյուղը զբաղվում է ալգորիթմների մշակմամբ եւ ծրագրային ապահովման գործընթացով:

Նաիրա Հովակիմյանի հետ Itel.am-ի զրույցը կարող եք կարդալ այստեղ