12:29 | 15.11.17 | Նորություններ | 4992

20 ՏՏ սկսնակ ընկերություն կօգտվի հարկային արտոնություններից

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվել է ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:

Նախարարությունում նշել են, որ քննարկման է ներկայացված եղել 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր հայտերի քննարկման արդյունքում տրվել է դրական եզրակացություն:

Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից եւ օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից:

Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչեւ 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. դեկտեմբերի 1-ն է:

Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է 2015-ից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը՝ 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: