17:02 | 30.10.17 | Նորություններ | 7438

Հայտնի են Կլիմաթոն Երեւան հաքաթոնի արդյունքները

Հոկտեմբերի 27-28-ին Երեւանի քաղաքապետարանում անցկացվել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված առաջին հաքաթոնը՝ Կլիմաթոն Երեւանը:

«Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար եւ օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական եւ էներգետիկ կառավարումը, նպաստել քաղաքի օդի մաքրմանը:  

Լավագույնն է ճանաչվել Smart City ծրագիրը` ածխաթթու եւ այլ գազերի արտանետումներն իրական ժամանակում գրանցող եւ վերահսկող համակարգով: Թիմը հնարավորություն է ստացել 3 ամիս զարգացնել ծրագիրը ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում:

Լավագույն եռյակի մյուս ծրագրերը՝ ապoրինի ծառահատումների դեմ պայքարող լուծումով Forest Berg-ը եւ օդի աղտոտվածության մոնիտորինգի հավելվածով TSD-ն ստացել են պատվոգրեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:  

«Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը նշել է, որ Կլիմաթոնի շրջանակում ներկայացված բոլոր գաղափարներն առանձնակի հետաքրքրություն են առաջացրել փորձագետների շրջանում: Հաղթողները որոշվել են նախապես սահմանված չափանիշների արդյունքում՝ հաշվի առնելով կլիմայական ազդեցությունը, ինովացիոն պոտենցիալը, իրագործելիությունը եւ թիմային աշխատանքը:

Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: