Թոնի Ֆադել
12:22 | 20.10.17 | Նորություններ | 22600
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակը կստանա «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը։
Մրցանակակրի անունը նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների:
Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:
«Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անբաժանելիորեն կապված է այդ ոլորտում երկրի համաշխարհային հեղինակության հետ։ Այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել տեխնոլոգիաների զարգացումն ընկերությունների մակարդակով, այլեւ աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքներին: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ իրականացվող կարեւորագույն նախաձեռնություն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:
Հովիկ Մուսայելյանն էլ ասել է, որ երբ ութ տարի առաջ հիմնվեց այս մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականալի է:
«Այսօր այն լիովին կայացած եւ միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգեւ է։ Եւ ես եւ իմ գործընկերները անչափ հպարտ ենք այս հանգամանքով»,- ասել է նա:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն էլ նկատել է, որ Թոնի Ֆադելը կարողացել է նախագծել եւ իրականացնել IPod եւ IPhone-ը, որոնք հանդիսանում են հիմնական բջջային հարթակները եւ որոնք արդեն փոխել են գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը եւ մարդկության զարգացման ընթացքը»։
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ. մրցանակին արժանացել էր Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը: