11:13 | 19.10.17 | Նորություններ | 18984

Մեկնարկել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը

Այսօր Երեւանում մեկնարկել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել են ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation - NSF) եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ գիտությունն ու տնտեսությունը ամուր կապված են միմյանց եւ պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանա։

«21-րդ դարում դրան նպաստող պարտադիր պայման է գործընթացների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը։ Կարծում եմ՝ FAST-ը՝ իր գործընկերների հետ միասին, կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհն անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլով։

«Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնող էներգիայի ստացման նորագույն մեթոդները առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում։ Համոզված եմ՝ կհաջողեն այն երկրները, որոնք կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին եւ կլինեն նորարարություններ ստեղծող եւ առաջարկող»,- ասել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը լավ հնարավորություն ունի թափ հաղորդելու իր զարգացմանը։

«Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է՝ անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումը ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար։  Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամբողջ իր ներուժով»,- ասել է վարչապետը։  

«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում։ Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է եւ այն շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետեւողականորեն իրականացնել»,- հավելել է նա։

FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ ասել է, որ իրենց նախաձեռնության հիմնական նպատակից՝ կապեր եւ համագործակցություն ստեղծելուց բացի, ձեւավորելու են մտածողություն, որ Հայաստանը պետք է հենվի իր ինքնատիպության վրա։

«Մեր մտածողությունը չսահմանափակենք «խելամիտի» շրջանակում եւ փորձենք անել բաներ, որոնք, հնարավոր է, խելամիտ չթվան, քանի որ այսօրվա ոչ խելամիտ թվացող բաները, կամ, գոնե դրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, վաղը կդառնան խելամիտ։ Գիտության ոլորտում առաջ գնանք մեծ ցատկերով եւ ոչ թե հստակ ծրագրված քայլերով»,- ասել է FAST-ի համահիմնադիրը։

Աշխատաժողովը տարածաշրջանում գիտական խոշորագույն միջոցառումներից է` միջազգային ընդգրկվածության եւ ոլորտի առաջատար գիտնականների մասնակցության առումով: Այն համախմբել է տվյալագիտությամբ (Data Science) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողի: