11:05 | 10.10.17 | Նորություններ | exclusive 106467
Անցած ամիս ամերիկյան FX Guild աքսելերացիոն ծրագրի կազմակերպած «Դեմո օրվա»-ն մասնակցել է նաեւ հայ-ամերիկյան Zero ստարտափը:
NFX-ը Սիլիկոնյան հովտում գործող աքսելերացիոն ծրագիր է, որի մասնակցությունը միայն հրավերով է: Ծրագրին աջակցում են CRV, Shasta Ventures, Greylock Partners եւ Mayfield վենչուրային հիմնադրամները:
Zero-ն պրոֆեսիոնալ ծառայությունների եւ իրավաբանական պրակտիկայի շուկայում եկամտի աճի համար նախատեսված լուծում է, որը հիմնված է արհեստական բանականության վրա:
Ընկերության համահիմնադիրներն են Ալեքս Բաբինը, Ալեքս Վոլկովը եւ Գեւորգ Կարապետյանը: Ընկերության կենտրոնակայանը Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) է, ծրագրավորման թիմ ունի նաեւ Երեւանում:
Itel.am-ի հետ զրույցում Գեւորգ Կարապետյանը պատմել է, որ աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը մեծ փորձ էր:
«Ամենաարժեքավորը մեր բիզնես գաղափարների հստակեցումն էր եւ ռազմավարության մշակումը՝ հաջողակ ընկերություն կառուցելու համար: Աքսելերատորի մասնակցության երեք ամիսներն անցան դինամիկ, եւ ձեռք բերած գիտելիքները զգալի ազդեցություն ունեցան ինչպես բիզնեսի, այնպես էլ պրոդուկտի վրա»,- պատմել է նա:
Գեւորգ Կարապետյանի խոսքով՝ ներկայում ստարտափը կենտրոնացած է իրավաբանական ոլորտի վրա եւ տրամադրում է արհեստական բանականության վրա հիմնված՝ արդյունավետությունը բարձրացնող լուծումներ։
«Մեր ստեղծած տեխնոլոգիան հաճախորդներին տրամադրում է հնարավորություններ, որոնք մինչ այդ անհնարին էին, սակայն շատ անհրաժեշտ։ Վերջերս սկսել ենք աշխատել ամերիկյան մի քանի խոշոր իրավաբանական ընկերությունների հետ»,- նշել է նա:
Ստարտափի համահիմնադրի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում գրեթե կրկնապատկվել է Երեւանում աշխատող մասնագետների թիվը, ինչպես նաեւ թիմը համալրվել է ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից մասնագետներով: Ընկերությունը, ընդհանուր առմամբ, $1,5 մլն է ներգրավել:
Itel.am-ը Zero ստարտափի մասին պատմել էր 2016թ. սեպտեմբերին:
Նարինե Դանեղյան