16:35 | 09.10.17 | Նորություններ | 23182

Beeline-ը նոր գրասենյակ է բացել «Զվարթնոց» օդանավակայանում

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:  

Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում եւ հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա եւ առանց ընդմիջումների։ Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով։

«Զվարթնոց»-ի ժամանման սրահում այս տարվա օգոստոսից արդեն գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որը հասանելի է միայն ժամանող ուղեւորներին։ Այնտեղ հնարավոր է ձեռք բերել հեռախոսահամար եւ լիցքավորում անել։

«Այսօր մենք բացում ենք մեզ համար շատ կարեւոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։ Օդանավակայանն այն վայրն է, որտեղ կյանքը եռում է օրը 24 ժամ։ Սա այն սահմանն է, որտեղ երկրի հյուրերը կարող են առաջին անգամ ծանոթանալ Հայաստանին եւ կապ հաստատել երկրի հետ, իսկ մեր բաժանորդները կարող են նախապատրաստվել իրենց ճանապարհորդությանը։ Վստահ եմ, որ այս գրասենյակի առկայությամբ ու մեր ռոումինգի մատչելի ծառայությունների շնորհիվ մեր բաժանորդներին ավելի հարմար կլինի ճանապարհորդել»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Օդանավակայանում լիարժեք ծառայություններ տրամադրող գրասենյակ ունենալը շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ այն իսկապես պահանջված է մեր բաժանորդների կողմից»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։