Դավիթ Անդրեասյանը
16:50 | 06.10.17 | Հոդվածներ | exclusive 105205
Գործարկվել է գեյմ դիզայներ Դավիթ Անդրեասյանի՝ Հայաստանում ստեղծած Inmates հոգեբանական սարսափ ժանրի խաղը:
Խաղի հրատարակիչը Նիդեռլանդներում գործող Iceberg Interactive ընկերությունն է:
Գեյմ դիզայները Itel.am-ին տեղեկացրել է, որ խաղը կարելի է ներբեռնել $6,29-ով:
Գլխավոր հերոս Ջոնաթանը ուշքի է գալիս բանտախցում եւ չի հասկանում, թե ինչպես է այդտեղ հայտնվել: Ամեն ինչ նրան կարծես ծանոթ է թվում, բայց նա, միեւնույն ժամանակ, կարծես չի արթնացել սարսափելի երազից: Հասկանալու համար, թե ինչ է կատարվել Ջոնաթանի հետ, խաղացողը պետք է գլուխկոտրուկներ լուծի եւ տարբեր փորձություններ հաղթահարի:
Inmates-ը Դավիթ Անդրեասյանը ստեղծել է միայնակ շուրջ 2 տարում:
Inmates-ի հիմնադիրը համոզված է, որ հոգեբանական սարսափ ժանրի խաղերն ունեն իրենց սպառողը:
«Գուցե նրանք քանակով այդքան շատ չեն, բայց պահանջարկ կա: Ինչ վերաբերում է վաճառքներին, խաղը ստեղծելիս այդքան էլ չեմ մտածել այդ մասին, ուղղակի փորձել եմ ստեղծել մի բան, որն ինքս անձամբ կցանկանայի խաղալ՝ հուսալով, որ ինձ նման մարդիկ էլի կլինեն»,- պատմել է նա:
Խաղը օգոստոսի վերջին ներկայացվել էր գերմանական Քյոլնում կայացած Gamescom 2017 խաղային ցուցահանդեսում: Դավիթ Անդրեասյանի խոսքով՝ մեծ թվով դրական արձագանքներ է ստացել:
«Ներկայում հատկապես խաղային ոլորտը լուսաբանող լրագրողներն են ակտիվ: Քննադատությանը եւս շատ լավ եմ վերաբերվում, քանի որ խաղում շոշափված թեմաները բավական սուբյեկտիվ են եւ ոչ այդքան հեշտ հասկանալի»,- ընդգծել է խաղի հեղինակը:
Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Դավիթ Անդրեասյանը նշել է, որ ցանկանում է որոշ ժամանակ հեռու մնալ համակարգիչներից եւ հանգստանալ: Նա նաեւ տեղեկացրել է, որ նոր խաղի հետ կապված մի շարք ծրագրեր կան, որոնց մասին սակայն վաղ է համարել խոսել:
Նարինե Դանեղյան