15:43 | 27.09.17 | Նորություններ | 20721
Սեպտեմբերի 29-ին Մերգելյան ինստիտուտի տարածքում կմեկնարկի 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ հովանավոր՝ «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանն այսօր տեղեկացրել են, որ ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ ընկերությունների ու անգամ դպրոցականների նորարար պրոդուկտները:
Կանցկացվի ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ եւ այլն:
ԴիջիԹեքն այս տարի աննախադեպ կլինի միջազգային ընկերությունների եւ պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ:
Գործում է նաեւ DigiTec Expo հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել ԴիջիԹեքի բոլոր միջոցառումներում:
«Այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց մասին Ucom ընկերությունը հայտարարել է նախորդ տարվա ԴիջիԹեքին, այս տարի արդեն հասանելի են զանգվածային շուկայի համար: Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները եւ այլն: Այս տարի Ucom-ը հանդես է գալիս հեղափոխական` «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ մեր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր»,- նշել է ԴիջիԹեքի պլատինե հովանավոր, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Այս տարի ցուցահանդեսն ակնկալում է շուրջ 150 մասնակից ընկերություն եւ 70 000 այցելու:
Օրակարգը հասանելի է այստեղ: