17:01 | 15.09.17 | Նորություններ | 5526

«ԱրմԹեք’17»-ում կքննարկվեն կիբերանվտանգության հիմնախնդիրները

Սեպտեմբերի 27-ին կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ`«ԱրմԹեք 2017» ամենամյա համաժողովը:

Այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ինչպես նշել են նախարարությունում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը:

Առաջին «ԱրմԹեք»-ը տեղի է ունեցել 2007-ին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), որից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար տեղի է ունենում Հայաստանում եւ ԱՄՆ-ում:

«Նախատեսվում է, որ «ԱրմԹեք'17»-ը կունենա ավելի քան 200 մասնակից` բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայի տարբեր երկրներից»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Կիբերանվտանգության ռազմավարությունն արդեն պատրաստ է եւ շուտով կներկայացվի Անվտանգության խորհրդի քննարկմանն ու կհրապարակվի:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ ներկայացրել է համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները՝  կիբերանվտանգություն, այս ոլորտում տարբեր երկրների կիրառած փորձը, կիբերանվտանգության մասնագետների արդի խնդիրներն ու մարտահրավերները, կիբեր սպառնալիքներն ու պաշտպանվելու հնարավորությունները՝ մասնավոր եւ հանրային հատվածում։

«Բարձր տեխնոլոգիաները որքան զարգանում են, այնքան կիբերանվտանգության խնդիրն ավելի ու ավելի է արդիական դառնում: Մենք այս թեման քննարկելու ենք, ոչ թե որովհետեւ հայկական ինտերնետի վրա կիբերհարձակումները շատ են, այլ որովհետեւ այս թեմայով փորձ եւ ասելիք ունենք»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը, վերջին տվյալներով, հասել է 500-ի, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է $600 մլն շեմը: