10:07 | 04.09.17 | Հարցազրույցներ | exclusive 109976

    StartDoon-ը կապ կստեղծի ՀՀ ստարտափների եւ եվրոպացի մենթորների միջեւ

    Փարիզում արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է հայ-ֆրանսիական StartDoon նախաձեռնությունը, որի նպատակն է կապել հայաստանյան ստարտափներին օտարերկրյա (մասնավորապես՝ ֆրանսիացի) մենթորների հետ:

    Itel.am-ը նոր նախաձեռնության շուրջ զրուցել է StartDoon-ի հիմնադիր Ֆիլիպ Փուի հետ:

    - Ինչպիսի՞ աջակցություն է StartDoon-ը ցուցաբերելու հայաստանյան ստարտափներին:

    - StartDoon-ի կազմում ընդգրկված են արտերկրից մենթորներ, մարդիկ, որոնք կարող են օգնել հայաստանյան ստարտափներին՝ դուրս գալու գլոբալ շուկաներ:

    Գումարն այստեղ ամենակարեւորը չէ. ստարտափներն ունեն աջակցության, թրեյնինգի կարիք: Եթե մեր ցանցում առկա մենթորները հանդես գան նաեւ որպես ներդրող, ապա շատ ավելի լավ: Սակայն կարեւոր է հենց մենթորություն անելու գործոնը:

    Նախաձեռնության գաղափարն առաջացավ մի քանի ամիս առաջ, իսկ առաջին միջոցառումն իրականացրինք Երեւանում՝ հունիսի վերջին: Էստոնական Startup Wise Guys աքսելերատորի հետ համատեղ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կազմակերպեցինք մենթորային օր՝ Հայաստանից 13 ստարտափի համար: Ես եւ իմ ֆրանսիացի գործընկերները, վերադառնալով Ֆրանսիա, ներդրողների եւ մենթորների հետ կիսվում ենք հայաստանյան ՏՏ ոլորտի մասին մեր տպավորություններով:

    - Որքա՞ն ժամանակ եք հետեւում Հայաստանում ստարտափ շարժման զարգացմանը:  
     
    - Բավական տեւական ժամանակ է, ինչ հետաքրքրվում եմ Հայաստանում ՏՏ ոլորտով, եւ ականատես եմ հետեւյալին. երբ ստարտափը հաջողության է հասնում, ապա միանգամից ամերիկյան շուկա է ուղղվում: Մենք ցանկանում ենք, որ նման ստարտափները գան Եվրոպա եւ չմտածեն միայն ամերիկյան շուկայի մասին:

    Ես ֆրանսիացի եմ, սակայն ակտիվ գործունեություն եմ իրականացնում հայ համայնքում: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 4 տարի առաջ: «Թումո» կենտրոն այցը ինձ համար իսկական շոկ էր: Վերադարձա Ֆրանսիա եւ համայնքի հետ կիսվեցի տպավորություններով, պատմեցի, որ Հայաստանում իրոք կարեւոր բաներ են կատարվում:

    Սփյուռքում շատերը ծանոթ են Հայաստանի պատմությանը, բայց ոչ բոլորը գիտեն, թե իրականում ինչ է կատարվում հայրենիքում այս պահին: Հայաստանն ունի կրեատիվություն եւ ներուժ, իսկ StartDoon-ը՝ սփյուռքից մենթորների ցանց: Հայ երիտասարդներն ունեն մեծ էներգիա, նրանց միայն պետք է օգնել փորձով, աջակցել դռները բացելու ճանապարհին: Եվ հնարավոր է՝ միասին կկարողանանք հիանալի ցանց ստեղծել:   

    Մենք հետաքրքրված ենք բոլոր ստարտափներով: Մեզ հետ համագործակցությամբ հետաքրքրված թիմերը կարող են գրել մեզ սոցցանցերի կամ մեր կայքի միջոցով:

    Ֆիլիպ Փուի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը