14:47 | 01.09.17 | Հոդվածներ | exclusive 97935

#ՏեխնոԱմառ. Ամփոփում

Չնայած տապին եւ արձակուրդային տրամադրություններին՝ ամառային ամիսներն աչքի ընկան միջազգային հաղթանակներով, ՏՏ միջոցառումներով եւ ներդրումներով: Itel.am-ն ամփոփում է. #ՏեխնոԱմառը:

Հայաստանը երրորդ տեղը զբաղեցրեց ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայում

«Թումո»-ի թիմը FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում գրավեց երրորդ տեղը:


Խաղերին մասնակցում էին թիմեր 163 երկրներից։ Առաջին տեղը զբաղեցրեց Եվրոպայի հավաքականը, երկրորդը՝ Լեհաստանի թիմը:

Հայ աշակերտուհիների մշակած հավելվածը հաղթեց միջազգային մրցույթում

Technovation Challenge միջազգային մրցույթում Կարբիի դպրոցի One Step Ahead թիմի մշակած Armenian Sign Language հավելվածը հաղթող ճանաչվեց «Կրթություն» անվանակարգում:


Հայաստանյան թիմը մրցում էր աշխարհի 27 երկրից ներկայացված 99 թիմերի հետ:

Կայացավ Sevan Startup Summit 2017-ը՝ $45,000 մրցանակային ֆոնդով:

Գումարը բաշխվեց 18 թիմերի միջեւ:


Բացի գումարային մրցանակներից, սամիթի մասնակիցները հնարավորություն ստացան շփվելու ստարտափերների, ներդրողների եւ բիզնեսմենների հետ։

ԴիջիԹեք-ի շրջանակում Հայաստան այցելեցին WITSA պաշտոնյաները

10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում հունիսին քննարկվեցին 2019թ. Երեւանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքները:


Քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած WITSA պաշտոնյաների հետ մեր զրույցը հասանելի է այստեղ:

Երեւանում կայացավ Startup Wise Guys-ի մենթորային օրը

Հունիսի վերջին Երեւանում կայացավ ներդրումային եւ մենթորային օրը, որը  կազմակերպել էին էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Փարիզում տեղակայված Startdoon նախաձեռնությունը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ smartgate.vc-ի եւ Inapptics-ի աջակցությամբ: Itel.am-ի զրույցը Երեւան ժամանած Startup Wise Guys-ի ներկայացուցիչների հետ կարող եք գտնել այստեղ:

Yandex-ը եւ Uber-ը որոշեցին նոր միավորված ընկերություն ստեղծել

Նոր ընկերությունը կգործի Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում եւ Ղազախստանում: Այն ամսական կիրականացնի 35 մլն փոխադրում: Համատեղ ընկերության վերահսկողությունը կիրականացնի Yandex-ը:

Վանաձորում կայացած Ինժեներական ցուցահանդեսին նոր լուծումներ ներկայացվեցին

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 24-ին կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացվեցին ինքնավար ավտոմեքենաների մշակման, 5G-ի գլոբալ հետազոտություններին, ավիատիեզերական ինժեներիային վերաբերող լուծումներ, որոնք մշակվում են Հայաստանում:


Ցուցադրվեցին նաեւ տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երեք մոդել:

Հայ հիմնադիրներ ունեցող մի շարք ընկերություններ խոշոր ներդրումներ ստացան

Ալեքսիս Օհանյանի Reddit-ը $200 մլն ներդրում ստացավ՝ ընկերության պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ռաունդի շրջանակում: Reddit-ն այս պահին գնահատվում է $1,8 մլրդ:  

Լեւոն Բրուտյանի Collectly ստարտափը, որը կորպորատիվ օգտատերերի համար մեքենայական ուսուցման լուծմամբ (machine learning) պարտքերի կառավարման համակարգ է, $1,9 մլն սաղմնային ներդրում ներգրավեց:

Հայաստանում մշակված Volterman սմարթ դրամապանակի թիմն օնլայն քրաուդֆանդինգի արդյունքում ավելի քան $1մլն ներգրավեց:

List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի կողմից ԱՄՆ-ում հիմնադրած Epic! ընկերության մշակած մանկական թվային գրադարանն էլ ներդրումային C ռաունդում $8 մլն ներգրավեց:  

Նարինե Դանեղյան