10:54 | 25.08.17 | Նորություններ | exclusive 76573

Դավիթ Անդրեասյանի Inmates հոգեբանական սարսափ խաղը ներկայացվել է Gamescom 2017-ում

Գեյմ դիզայներ Դավիթ Անդրեասյանը գերմանական Քյոլնում այս օրերին ընթացող Gamescom 2017 խաղային ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած Inmates հոգեբանական սարսափ ժանրի խաղը:

Խաղի հրատարակիչը Նիդեռլանդներում գործող Iceberg Interactive ընկերությունն է:

Itel.am-ի հետ զրույցում Դավիթ Անդրեասյանը պատմել է, որ խաղը ստեղծել է միայնակ, Երեւանում: Ստեղծման համար շուրջ 2 տարի է պահանջվել:

«Գլխավոր հերոս Ջոնաթանը ուշքի է գալիս բանտախցում, եւ չի հասկանում, թե ինչպես է այդտեղ հայտնվել: Ամեն ինչ նրան կարծես ծանոթ է թվում, բայց նա, միեւնույն ժամանակ, կարծես դեռ չի արթնացել սարսափելի երազից: Հասկանալու համար, թե ինչ է կատարվել Ջոնաթանի հետ, խաղացողը պետք է գլուխկոտրուկներ լուծի եւ տարբեր փորձություններ հաղթահարի»,-նշել է նա:

Դավիթ Անդրեասյանը տեղեկացրել է, որ համակարգիչների համար խաղն ամբողջ աշխարհում հասանելի կդառնա աշնան սկզբին: Այն հնարավոր կլինի ներբեռնել Steam հարթակից՝ 9,99$-ով:

«Խաղի գաղափարը շուտ էր առաջացել, պատմություն էի գրել, ապա սկսել աստիճանաբար 3D մոդելների միջավայրները պատրաստել: Հետո սցենարն ամբողջությամբ փոխեցի եւ զրոյից նոր պատմություն գրեցի: Խաղը ստեղծելուն աջակցել են իմ մոտ ընկերները, ում ես իսկապես շնորհակալ եմ»,- նշել է Դավիթ Անդրեասյանը:  

Դավիթ Անդրեասյանը Դավիթ Անդրեասյանը


Անդրադառնալով Gamescom 2017 ցուցահանդեսին մասնակցությանը, նա նշել է, որ խաղին նվիրված մամուլի ասուլիս է կազմակերպվել, որին մասնակցել է շուրջ 30 միջազգային լրագրող, եւ բոլորն էլ տպավորված են եղել:

Նարինե Դանեղյան