10:55 | 12.07.17 | Նորություններ | 6282

Հայտնի է Ռոբոտների օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողը

Նախօրեին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը, որին մասնակցել է Հայաստանի տարբեր դպրոցներից 7 թիմ։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթի ընթացքում թիմերը փորձել են իրենց ուժերը նախընտրական փուլերում, ապա մեկնարկել է եզրափակիչ փուլը։

Ազգային փուլի հաղթող է ճանաչվել Kaizen թիմը, որը հնարավորություն կունենա նոյեմբերին ներկայացնել Հայաստանը Կոստա Ռիկայում անցկացվելիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում։

Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցկացվել է «Ռոբոտներ՝ կայուն զարգացման համար» կարգախոսի ներքո։ Մասնակիցներից պահանջվում էր ստեղծել այնպիսի ռոբոտ, որը տարածաշրջանը կդարձնի առավել կայուն՝ հետեւյալ չորս ուղղություններով՝ մատչելի եւ մաքուր էներգիա, կայուն զարգացող քաղաքներ եւ համայնքներ, կլիմայական կայունացմանն ուղղված գործողություններ եւ կյանքը երկրի վրա:

 «Արդեն երկրորդ անգամ է, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում։ Շատ կարեւոր է, որ մրցույթի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվի, եւ եթե այսօր արդեն 21700-ից ավել թիմ է մասնակցում աշխարհում, ապա պետք է այնպես անել, որ մեզ մոտ էլ այդ թիվն ավելանա։ Դա պատահական չէ՝ հաշվի առնելով ռոբոտաշինության ոլորտի ներկայիս զարգացումներն աշխարհում։ Լիահույս եմ ու նաեւ վստահ եմ, որ այս մրցույթի շնորհիվ Հայաստանում զարկ կտրվի ռոբոտաշինության զարգացմանը»,- նշել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2004 թ.:Այսօր մրցույթին մասնակցում է 54 երկրի ավելի քան 21700 թիմ։

Օլիմպիադայի ազգային փուլի հովանավորն է Creative Educational Technologies ընկերությունը: