Հայաստանում գործարկված PassIT հարթակը հնարավորություն է տալիս գնորդներին ձեռք բերել ապրանքներ աշխարհի ցանկացած կետից եւ ստանալ դրանք նույն ուղղությամբ մեկնող ուղեւորի միջոցով:
Ստարտափի համահիմնադիրներն են Լեւոն Հակոբյանը եւ Գագիկ Գրիգորյանը:
Itel.am-ի հետ զրույցում Գագիկ Գրիգորյանը նշել է, որ հարթակը ներկայում շուրջ 750 գրանցված օգտագործող ունի: Վերջիններս կարող են նաեւ ուղարկել կամ ստանալ փաստաթղթեր:
Հարթակը, համահիմնադրի խոսքով, ուղեւորներին լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն է ընձեռում:
«PassIT-ն իր միջնորդավճարը ստանալու է ուղեւորների ստացած եկամուտներից: Մեր կողմից գանձվող միջնորդավճարի չափը կազմելու է 7 տոկոս: Համակարգի օգտագործումը խրախուսելու համար այս պահին մեր կողմից միջնորդավճար չի գանձվում: Կայքում մշակված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործարքի հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- նշել է հարթակի համահիմնադիրը:
Անդրադառնալով մրցակիցներին՝ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ իրենց առավելությունը փաթեթներն ավիափոխադրումների միջոցով ուղարկելն է:
«Հիմնական տարբերությունը նաեւ այն է, որ PassIT-ի միջոցով հնարավոր է փոխանցել ինչպես արդեն առկա ապրանքները, այնպես էլ կատարել օնլայն գնումներ եւ ստանալ գնումը ճանապարհորդների միջոցով»,- ասել է նա:
PassIT-ը գործարկվել է այս տարվա փետրվարին եւ մինչ օրս համակարգի զարգացումն իրականացվել է հիմնադիրների սեփական միջոցների հաշվին:
Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իդեալական մոդել է նման հարթակի զարգացման համար՝ հաշվի առնելով Սփյուռքի եւ փակ սահմանների գործոնները:
«Փաթեթների փոխանցման խնդիրը, մասնավորապես, կարեւոր է հենց Հայաստանի նման երկրների համար: Այնուամենայնիվ, հարթակը չի սահմանափակվելու միայն Հայաստանով: Առաջին փուլում նախատեսում ենք հարթակի զարգացումը Եվրասիական տնտեսական միության երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ ակնկալվում է օրենսդրության փոփոխություն, որի արդյունքում ինտերնետ հարթակներից (օրինակ Ebay, Amazon) ձեռք բերված ապրանքների մաքսազերծման շեմն էականորեն նվազելու է»,- նշել է նա:
Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում պատրաստ կլինի Android տարբերակը: Թիմը նաեւ ծրագրեր ունի Երեւանում փաթեթների ընդունման կետ բացել, ինչը կհեշտացնի լոգիստիկ խնդիրները եւ կնվազեցնի անվտանգության հետ կապված ռիսկերը:
Նարինե Դանեղյան