12:49 | 07.07.17 | Նորություններ | 26452

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում լուծվել է Կարապետյանների ընտանիքի բնակարանային խնդիրը:

«Ասում են՝ խնդիրները ստիպում են ամրանալ ու պայքարել: Բայց երբ դրանք տարիներ են տեւում՝ թուլացնում են նպատակին հասնելու կամքը: Այս ծրագիրը մեկն է նրանցից, որը փակում է հուսահատության տանող ճանապարհը: Հերթական ընտանիքն այսօր հրաժեշտ է տալիս վագոն-տնակին, որի անհարմարությունն ստիպված կրել է քսաներեք տարի. մի ամբողջ երիտասարդություն: Տարիների զրկանք տեսած եւս մեկ ընտանիք վերջապես կապրի իր երազանքների տանը: Դա մեր՝ գործընկեր կառույցներիս հաջողությունն է նաեւ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մինչեւ տարեվերջ Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: Ծրագրի շրջանակում լուծվել է 146 ընտանիքի բնակարանի խնդիր:

2017թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն դրամի ներդրում է կատարել: