14:50 | 28.06.17 | Նորություններ | 91809
Նախօրեին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացել է ներդրումային եւ մենթորային օրը, որը կազմակերպել են էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Փարիզում տեղակայված Startdoon նախաձեռնությունը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ smartgate.vc-ի եւ Inapptics-ի աջակցությամբ:
Դրա շրջանակում հայ եւ արտասահմանցի մենթորներն անհատական հանդիպումների ձեւաչափով (office hours) մեկ օր շարունակ աշխատել են ընտրված B2B եւ B2C լուծումներ մշակող 13 ստարտափների հետ:
Ստարտափները մենթորների օգնությամբ աշխատել են պրոդուկտի զարգացման պլանի, շուկայի ռազմավարության եւ pitch deck-ի վրա, որի անմիջական ներկայացումը կայացել է նույն օրը կայացած Pitch Battle-ի ժամանակ։
Հաճախորդների սպասարկման ոլորտում լուծում առաջարկող OnQuark ստարտափը հնարավորություն է ստացել մասնակցելու 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք Techchill տեխնոլոգիական միջոցառմանը, որի ընթացքում կհանդիպի պրոֆեսիոնալ մենթորների հետ, ինպես նաեւ կներկայացնի պրոդուկտը եվրոպական եւ բալթյան երկրների ներդրողներին։
Մեկ այլ հայաստանյան ստարտափ՝ LiveBoard-ը, որը մշակել է բազմաֆունկցիոնալ կենդանի գրատախտակ, հնարավորություն է ստացել մասնակցելու Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին՝ Լատվիայում:
«Այս փուլում գտնվող ստարտափները մեծապես կարիք ունեն մասնագիտական ուղղորդման եւ մենթորության, որի շնորհիվ նրանցից շատերը կկարողանան ճիշտ ընտրել իրենց գաղափարի թիրախային լսարանը, պրոդուկտի առանձնահատկությունները եւ հասկանալ իրենց հետագա քայլերը մոտակա մի քանի ամիսների ընթացքում: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էին 30-ից ավել ստարտափեր, որոնցից 13-ը միջոցառման ընթացքում ստացան շատ կարեւոր խորհուրդներ եւ մասնագիտական ուղղորդում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառման ընթացքում StartupWiseGuys աքսելերացիոն ծրագրի նախորդ տարվա մասնակից Inapptics ստարտափը մասնակիցների հետ կիսվել է իր հաջողության պատմությունով: