Եվրոպական հանձնաժողովը որոշել է ռեկորդային` €2,42 մլրդ-ի չափով տուգանել Google ընկերությանը՝ ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:

Հանձնաժողովի որոշման համաձայն՝ Google-ը, օգտագործելով որոնման համակարգի իր գերիշխող դիրքը, որոշակի պրոդուկտների եւ ծառայությունների որոնման դեպքում կեղծում է արդյունքներն այնպես, որ իր կոմերցիոն գործընկերները եւ հաճախորդները որոնման համակարգերի առաջին հորիզոնականներում հայտնվեն:  

Google-ը մեղադրվում է նաեւ նրանում, որ մեծացնում է իր հաճախորդ կամ գործընկեր տեղեկատվական ինտերնետ ռեսուրսների տրաֆիկը՝ որոնման արդյունքներում շատացնելով նրանց մասին նշումները:

Տուգանքը վերաբերում է Alphabet հոլդինգին, որի կազմում է Google-ը: Ընկերությունը պարտավոր է 90 օրվա ընթացքում վերացնել խախտումը, այլապես կարող է ենթարկվել լրացուցիչ տուգանքների:

Google-ում չեն բացառել որոշման բողոքարկումը Եվրոպական դատարանում:

Եվրոպական հանձնաժողովի հետաքննությունը տեւել է 7 տարի: