14:22 | 22.06.17 | Նորություններ | 4581

    Վանաձորում կցուցադրվեն ՀՀ-ում մշակված բարձր տեխնոլոգիական լուծումները

    Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինժեներական համաժողով-ցուցահանդես:

    Միջոցառման կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

    Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ խրախուսել փորձի եւ գաղափարների փոխանակումը կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարծիք է հայտնել, որ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը նոր էջ կբացի ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:  

    «Սա հնարավորություն է՝ օգտագործելով ՏՏ ոլորտի վերջին 15 տարիների հաջողությունները, նմանատիպ հաջողություններ հետագայում արձանագրել նաեւ ճարտարագիտության  մյուս ուղղություններում: Համաժողով-ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ հատուկ մասնագիտացած ցուցահանդես կանցկացվի, որը հնարավորություն կտա տեսնել աշխարհի վերջին տեխնո մարտահրավերները, եւ թե ինչ է արվում Հայաստանում դրանք լուծելու ուղղությամբ»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

    «Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանն էլ տեղեկացրել է, որ Վանաձորում հայ ինժեներները ցույց կտան, թե ինչ լուծումներ են մշակում ճարտարագիտության ամենաբարդ ճյուղերում:

    «Օրինակ, կցուցադրվեն հետաքրքրիր լուծումներ ինքնավար ավտոմեքենաների մշակման ուղղությամբ: Դրանք լուծումներ են, որոնք տրամադրվում են ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող խոշոր միջազգային ընկերություններին: Կներկայացվի նաեւ հայ ինժեներների ներգրավվածությունը 5G-ի գլոբալ հետազոտություններում: Մեկ այլ ուղղություն են ավիատիեզերական ինժեներիայի լուծումները»,- նշել է նա:

    Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն էլ հույս է հայտնել, որ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը մի քանի տարի հետո կդառնա բրենդ՝ միջազգային ֆորումի տեսքով:

    Համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակիցների: Բանախոսների եւ մոդերատորների շարքում են ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

    Ցուցահանդեսի շրջանակում իրենց  արտադրանքը, լուծումները եւ ծառայությունները կներկայացնեն շուրջ 20 տեղական եւ միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ «Ֆեստո Գզելշաֆտ», «Նեյշնլ Ինստթումենթս», «Նաիրի-Թեք», «Էլպիդա Էլեկտրոնիքս», UAV lab, Անոդ, Սեզամ ընկերությունները, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը: