17:43 | 15.06.17 | Նորություններ | 9931

Sevan Startup Summit-ին ներկա կլինեն փորձագետներ եւ խոսնակներ արտերկրից

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ն, ՓՄՁ ԶԱԿ-ը եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագիծը ստորագրել են համաձայնության հուշագիր:

Փաստաթղթի շրջանակում, Sevan Startup Summit-ին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունից բացի, կհրավիրվեն բիզնես փորձագետներ եւ խոսնակներ արտերկրից։

Հուշագրով նաեւ հաստատվել է կողմերի ներգրավվածությունը Sevan Startup Summit 2017-ի կազմակերպման մեջ։

«Sevan Startup Summit-ը եւ նմանատիպ այլ միջոցառումները նպաստում են հայկական ստարտափների զարգացմանը եւ նոր շուկաների գրավմանը։ Այսպիսի համագործակցությունները մեզ ոգեւորում եւ պարտավորեցնում են։ Լսելով լավ արձագանք այն մարդկանցից, ովքեր մասնակցել են 2016թ. սամիթին, մենք կարեւորում ենք մեր գործի շարունակականությունը»,- նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:  

«Մեր հույսերն ու նպատակները կապված Sevan Startup Summit-ի հետ՝ օգտակար բիզնես խորհուրդների տրամադրումն է հայկական ստարտափներին։ Մենք շատ ուրախ ենք նման համաձայնության հասնելու առթիվ»,- ասել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի ղեկավար Եվա Մարիա Նահերը:  

Այս տարի սամիթը հյուրընկալելու է ավելի քան 1000 մասնակցի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է $40 հազ., որը, կազմակերպիչների խոսքով, կարող է նշանակալից ներդրում դառնալ ստարտափների համար։ Ակնկալվում է ներգրավել շուրջ $200 հազ-ի ներդրումներ։

ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լեւոն Մնացականյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս տարի համաժողովն ավելի լավ արդյունքներ կունենա։

«Անցյալ տարվա հաջող համագործակցությունից հետո մենք շատ ենք կարեւորում այս տարվա սամմիթի համակազմակերպիչ լինելը։ Մենք վստահ ենք, որ այս տարի սամիթն ավելի լավ արդյունքներ կունենա»,- նշել է նա:

«ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պողոսյանի խոսքով էլ՝ այս համաձայնությունը կօգնի արտասահմանյան գիտելիքն օգտագործել հայկական ստարտափների օգտին՝ այդպիսով ավելի արագ կառուցելով հայաստանյան ստարտափ էկոհամակարգը:

Հիշեցնենք, որ համաժողովը կանցկացվի հուլիսի 24-31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը։ Հայտագրումը եւ մասնակցությունն անվճար է: