11:40 | 15.06.17 | Նորություններ | exclusive 9044

    Plexonic-ի նոր խաղը միջազգային մակարդակում հաջողություններ է գրանցում

    Խաղերի ծրագրավորմամբ զբաղվող Plexonic ընկերության Pet Savers խաղը ներառվել է Facebook-ի եւ Sony Xperia Lounge հավելվածի «Առաջարկվող» խաղերի ցանկում:   

    Itel.am-ին Plexonic-ում նշել են, որ հունվարից ի վեր խաղը խաղացվել է շուրջ 35 մլն անգամ:

    Pet Savers-ն իր 300+ փուլերով հասանելի է Facebook-ում, ինչպես նաեւ Android եւ iOS հարթակներում: Խաղն անվճար է եւ թարգմանված ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն եւ չինարեն լեզուներով:

    «Խոչընդոտներ եւ գլուխկոտրուկներ ներառող խաղի հիմնական առաքելությունն է փուլերի միջոցով հաղթահարել տարբեր դրվագները, վերակառուցել վնասված շինություններն ու կառույցները, իրականացնել ֆերմային բնորոշ բերքահավաք, օգնել խաղի հիմնական դերակատար Ֆոքսի աղվեսին փրկել չարագործ Բեդջերի կողմից առեւանգված կենդանիներին»,- նշել են ընկերությունում:

    Pet Savers-ն ամենաշատը խաղում են ԱՄՆ-ում (17%), Ֆրանսիայում (10%), Բրազիլիայում (9%), Գերմանիայում (7%) եւ Միացյալ Թագավորությունում (4%):

    «Մենք շատ ուրախ ենք նման կարեւոր ուղենիշ փաստագրելու կապակցությամբ: Facebook համացանցում եւ Sony Xperia Lounge հավելվածում խաղի ներկայացումը կօգնի մեզ նվաճել առավել մեծ եւ թիրախային լսարան: Խաղի հիմքում ընկած պատմությունը դետեկտիվ ժանրի է. այն կենդանիներին փրկելու թեմատիկայի եւ «3-ը շարքում» մեխանիզմի համադրության հետ խաղը դարձնում է իդեալական տարբերակ ավանդական match-3 խաղաոճի սիրահարների համար: Սա Pet Savers սագայի միայն սկիզբն է: Մենք շարունակում ենք ամենօրյա քրտնաջան աշխատանքը, որպեսզի խաղը հավելենք նոր եւ հետաքրքիր առաջադրանքներով եւ հնարավորություններով»,- նշել է Plexonic-ի գործադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանը: