11:05 | 08.06.17 | IT պատանիներ | exclusive 104287

IT պատանիներ. Արամ Պողոսյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

14-ամյա Արամ Պողոսյանն արդեն մի քանի տարի է՝ ինքնուրույն ուսումնասիրում է ռոբոտաշինություն:  

«Հետաքրքրությունն առաջացավ աուդիո ուժեղացուցիչների հավաքման գործընթացից: Նման սարք պատրաստեցի, ապա՝ ինձ սկսեց հետաքրքրել էլեկտրոնիկան: Սրան հաջորդեց ավելի լուրջ սարքեր հավաքելը, սխեմաների եւ թարթող լույսերի ծրագրավորումը: Մոտ 3 տարի լրիվ ինքնուրույն եմ էլեկտրոնիկա ուսումնասիրել: Հիմա ինքնուրույն ծրագրավորում եմ սովորում, ռոբոտներ եւ տարբեր սարքեր հավաքում»,- պատմում է նա:

photo © Մեդիամաքս


Արամի խոսքով՝ էլեկտրոնիկայով հետաքրքրվող ծանոթներ կամ բարեկամներ չունի:

«Ամբողջ ինֆորմացիան վերցնում եմ ինտերնետից՝ վիդեո դասեր, տարբեր տեղեկատվական նյութեր: «Ռադիոսիրող» խանութն էլ ինձ սարքերի մասերով է աջակցում, նաեւ առաջադրանքներ եւ խորհուրդներ տալիս: Շուրջ 3 ամիս առաջ ընդունվեցի «Արմաթ» լաբորատորիա, շատ լավ ուսուցիչ ունեմ եւ այս ընթացքում շատ բան եմ սովորել»,- նշում է Արամը:

Մինչ օրս իր ամենահաջողված նախագիծն Արամը համարում է զոդիչը կայանի պատրաստումը.

«Կայանը պատրաստել էի մինչեւ «Արմաթ» ընդունվելը: Ինքնուրույն տուփն էի պատրաստել, մասերը հանել էի հին համակարգչից: «Արմաթ» ընդունվելիս առաջարկեցին, որ ցուցադրության համար թափանցիկ կորպուս պատրաստենք, ինչն էլ արեցինք: Ի տարբերություն չինական նմանօրինակներին, պատրաստածս զոդիչ սարքն ավելի մատչելի է, ունի դիսփլեյ, կառավարումն ավելի հեշտ է: Մասսայական արտադրություն սկսելու դեպքում կարժանանա մոտ 40 հազ դրամ»:

photo © Մեդիամաքս


Արամը զոդիչի կայանի արդեն 5 պատվեր ունի եւ ամառային արձակուրդները ծախսելու է արտադրություն սկսելու վրա: Միաժամանակ՝ նա «խելացի տան» նախագծի վրա է աշխատում:

Արամը հասկացել է, որ Հայաստանում ծրագրավորման պահանջարկը չափազանց մեծ է: Որոշել է մնալ Հայաստանում, ընդունվել «Ինստիգեյթ»-ին կից ավագ դպրոց, ապա այնտեղ անցնել աշխատանքի:

Բլից հարցեր՝

- Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Բակում ֆուտբոլ, սակայն նայած՝ երբ: Փորձում եմ ամեն օր ժամանակ հատկացնել բակում խաղալուն: Սխալ եմ համարում ամբողջ օրը նստել համակարգչի առջեւ, երբեմն պետք է մաքուր օդ շնչել: Համակարգչային խաղերով մինչեւ 12 տարեկանն էի շատ տարված:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Եթե աշխատանքային գործիքս վերանար, առնվազն կտխրեի:

Արամ Պողոսյանը Արամ Պողոսյանը
photo © Մեդիամաքս


- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Ինձ համար լավ համակարգիչ կգնեի, տնեցիներին՝ նվերներ: Հնարավոր է՝ ռոբոտաշինության խմբակ հիմնադրեի երեխաների համար ու դասավանդեի այնտեղ իմ մեթոդներով:

-Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

-Կարծում եմ Google-ի, Facebook-ի գրասենյակները գոնե մեկ անգամ տեսնել է պետք, այնպես որ կընտրեմ առաջին տարբերակը:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

-Կցանկանայի հանդիպել Բիլ Գեյթսի հետ ու զրուցել ծրագրային մի շարք հարցերի շուրջ, հետաքրքրվել, թե ինչպես է նա հաղթահարել խոչընդոտներն այս տարիների ընթացքում: Եթե Հայաստանում լինեինք, խորոված կպատվիրեինք, քանի որ սրտանց ուզում եմ, որ Բիլ Գեյթսը ծանոթանա հայկական խոհանոցին (ծիծաղում է - խմբ.):

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի