16:05 | 29.05.17 | Նորություններ | exclusive 38912
Մայիսի 27-28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է 9-րդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա (Չ)կոնֆերանսը, որին մասնակցել է շուրջ 1500 մարդ:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթ է ունեցել միջազգային 6 հյուր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը (Գերմանիա), Էդուարդ Ուրլիչը (Չեխիա), Իլյա Կլիմովը (Ուկրաինա), լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը (Կանադա), Եկատերինա Տկաչովան եւ Եկատերինա Երոշենկոն (Ռուսաստան):
Itel.am-ի հետ զրույցում, ամփոփելով (Չ)կոնֆերանսը, կազմակերպիչներից Արթուր Պապյանը նշել է, որ հետաքրքիր էին թե՛ տեղացիների, եւ թե՛ օտարերկրյա հյուրերի ելույթները.
«Մարդաշատ էին հատկապես ավելի «լայն սպառման» թեմաների շուրջ ելույթները՝ մեդիա, լուսանկարչություն, սոցիալական մեդիա, օպերացիոն համակարգեր, ծրագրավորման լեզուների ընդհանուր համեմատություններ: Ավանդաբար՝ մարդաշատ են լինում Մեծ սրահի ելույթները: Շատերին հետաքրքրեց «Բարքեմփի» կազմակերպիչ թիմի անդամ Սամվել Մարտիրոսյանի ելույթը: Մեծ ակտիվություն կար նաեւ օտարերկրացի խոսնակների ելույթների ժամանակ»,- նշել է Արթուր Պապյանը:
Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ մասնակիցների թիվը քիչ է եղել:
«Մեր գրանցումների ավտոմատ համակարգի եւ նախապես չգրանցվածների ցուցակները համադրելիս ստացվում է ավելի քան 1500 մասնակից, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, երբ 2200-ից ավելի մասնակցություն էր արձանագրվել: Սակայն այդ հանգամանքը մեզ չի մտահոգում՝ «Բարքեմփ Երեւան»-ը վերջին տարիներին թողարկում է մեծ ծավալով կրթական տեսանյութեր, որոնք ամբողջ տարվա ընթացքում դիտումներ են ապահովում: Անցյալ տարվա տեսանյութերն ունեցել էին շուրջ 70 000 դիտում, այս տարվա՝ նոր հրապարակված տեսանյութերն արդեն իսկ ավելի քան 14 հազ. դիտում ունեն: Այնպես որ՝ կարող ենք փաստել, որ «Բարքեմփ»-ի կրթական էֆեկտն ավելի երկարաժամկետ է դարձել»,- ընդգծել է միջոցառման կազմակերպիչը: