14:00 | 12.05.17 | Հարցազրույցներ | exclusive 135436

Չուս Լոզանո. Մտադիր եմ վերապատրաստել հայաստանյան ստարտափներին

Իսպանացի ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ, Silicon Seeds սաղմնային ներդրումներով զբաղվող հիմնադրամի տնօրեն Չուս Լոզանոն անցած շաբաթ Երեւանում էր: Նա մասնակցում էր Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) ժյուրիի կազմում էր եւ գնահատում էր հայաստանյան ստարտափների ելույթները:

Itel.am-ը զրուցել է Չուս Լոզանոյի հետ:

- Դուք Հայաստանում ցանկալի հյուր եք, համենայն դեպս վերջին 10 տարում: Ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Հայաստան բերում:

- Իմ կինը հայ է եւ ես Հայաստան եմ այցելում յուրաքանչյուր ամառ՝ արդեն 10 տարի շարունակ: Սակայն սա առաջին անգամն է, երբ Հայաստանում եմ աշխատանքի բերումով եւ ուսումնասիրում եմ հայաստանյան ՏՏ ոլորտը: Անցած շաբաթ, օրինակ, մի շարք ՏՏ ոլորտի ընկերություններ այցելեցինք:

Տպավորված եմ այստեղ տեսած տեխնոլոգիաներով: Հայերը տաղանդավոր են, նրանք մաթեմատիկոսներ են: Ինձ շատ դուր եկավ VOLO ընկերության այն փիլիսոփայությունը, որն առկա է աշխատակիցների հետ հարաբերություններում: Մյուս ընկերությունը, որը հավանել եմ, WiCastr-ն է: Պատրաստվում եմ նրանց հետ համագործակցել՝ կապելով խոշոր ընկերությունների հետ:

-Ի՞նչ պլաններ ունեք՝ Հայաստանի հետ կապված:

- Ցանկանում եմ հաջորդ տարի ընտանիքիս հետ տեղափոխվել Հայաստան եւ հիմա մտածում եմ այստեղ ներդրումներ կատարելու մասին: Կցանկանայի հատկապես կրթական ծրագրերում ներկայություն ունենալ: Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն է աշխատել եւ վերապատրաստել ստարտափներին, օգնել նրանց մուտք գործել միջազգային ասպարեզ: Այս պահին փորձում եմ ավելի լավ ճանաչել էկոհամակարգը:

Նախընտրում եմ հանդես գալ որպես սմարթ բիզնես հրեշտակ: Սեփական ստարտափ սկսելու ցանկություն չունեմ, փոխարենը սիրում եմ ներդրում կատարել այն ստարտափներում, որոնք ինձ դուր են գալիս: Հայաստանում այս պահին արդեն երկու ստարտափ ունեմ աչքիս տակ, որոնք, իմ կարծիքով, ունեն պրոդուկտ, որտեղ ես կհետաքրքվեի ներդրում կատարելով:

- Հայաստանում նկատելի է բիզնես հրեշտակների պակաս: Ինչպե՞ս կարելի է լուծել այդ բացը:

- Ես ցանկանում եմ զարգացնել բիզնես հրեշտակների ցանցը: Դուք ունեք բիզնես հրեշտակներ, սակայն չունեք պրոդուկտ, որում նրանք կարող էին ներդրում կատարել: Կան ինժեներներ, տաղանդ ու պրոդուկտ, չկան ձեռներեցներ, որոնք կկարողանային վաճառել իրենց պրոդուկտը:

Այո, Հայաստանում շատ գումար կա: Օրինակ, Իսպանիայում մենք չունենք մրցույթներ, որտեղ վաղ շրջանում գտնվող եւ իրենց պրոդուկտը վաճառել չկարողացող ստարտափները հնարավորություն կունենային ստանալ նման խոշոր դրամաշնորհներ (IMG եւ STEP – խմբ.):

Կարծում եմ՝ պետք է մտածել բիզնես հրեշտակների թրեյնինգներ, ցանց ստեղծելու ուղղությամբ, սակայն ավելի ուշ, քանի որ այս պահին դա այդքան էլ իրատեսական չէ:

Չուս Լոզանոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը