17:44 | 27.04.17 | Նորություններ | 3363

Կապի խոշոր օպերատորները կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ Beeline-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ucom-ը, 2017թ. հունվար-մարտ ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 5,2 մլրդ դրամի հարկ, ինչը 21,2%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է, որը զբաղեցնում է ցուցակի 11-րդ տեղը (2016թ. առաջին եռամյակում 5-րդ տեղում էր): Ընկերությունը 2017թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարել 2,2 մլրդ դրամի հարկ, ինչը 36,3%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ»-ն է՝ 1,8 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 2,6%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 12-րդից դարձրել է 14-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (20-րդ), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 1,2 մլրդ դրամ հարկ, ինչը 8,7%-ով զիջում է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» (186-րդ տեղ, շուրջ 160,4 մլն դրամ, անկում` 19,5%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկ, ինչը 11,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը: