16:22 | 20.04.17 | Նորություններ | 15356

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել է Նոր Ազնաբերդ գյուղը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում։

«Տեւական ժամանակ՝ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ եւ՛ սահմանապահ, եւ՛ հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որում՝ էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր: Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է եւ կարեւոր լուծում է ոչ միայն տվյալ գյուղի, համայնքի, այլեւ լայն առումով՝ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսության զարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարեւոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաեւ էներգիայի խնայողությունն  ու ֆինանսների տնտեսումը»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղում տեղակայվել է 60 LED լուսարձակ:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00:

Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: