14:35 | 20.04.17 | Նորություններ | 4858

«Թվանշային Հայաստան» ծրագիրը շարունակում է իրականացվել մարզերում

«Լույս» հիմնադրամը, համագործակցելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հետ, իրականացնում է «Թվանշային Հայաստան» ծրագիրը, որն ուղղված է համայնքներում տեղեկատվական կրթության եւ տնտեսության զարգացմանը։

Ծրագրի շրջանակում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը սեփական արտադրության ԱրմԹաբ համակարգիչներ է տրամադրել Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցականներին՝ ծրագրավորման հմտություններ ձեռք բերելու, համայնքին ծառայելու եւ տեխնոլոգիական գիտելիքներն առօրյայում կիրառելու նպատակով:

Համակարգիչների առավելագույնս արդյունավետ օգտագործումն ապահովելու համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ու թիմը պարբերաբար սեմինարներ են անցկացնում աշակերտների հետ՝ էլեկտրոնային բովանդակության ստեղծում, վիզուալ գործիքների օգտագործում (լուսանկարների մշակում, վիզուալ ինքնության ստեղծում), ծրագրավորման հիմունքներ թեմաներով։

«Լույս»-ի հրավերով «Թվանշային Հայաստան» ծրագրին է միացել նաեւ «Քվանտ» վարժարանը՝ ապրիլի 20-ից Գարգառում մեկնարկելով ծրագրավորման եռօրյա դասընթաց դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների համար։

Հիշեցնենք, որ անցած 6 տարիների ընթացքում «Լույս»-ի կրթաթոշակառուները համայնքային զարգացման նախագծեր են իրականացրել Լոռու մարզի Գարգառ գյուղում hիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում։

Նախագծերի հիմնական նպատակն էր համայնքի բնակիչներին ներկայացնել տեխնոլոգիական նոր գործիքներ եւ ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել դրանք կյանքի բոլոր ոլորտներում` կրթություն, աշխատանք, զբոսաշրջություն, առողջապահություն, բիզնեսի զարգացում եւ այլն։