Ալեքսանդր Եսայանն ու Կարեն Վարդանյանը
17:18 | 19.04.17 | Նորություններ | 36426
Այսօր Երեւանում մեկնարկել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը, որի շրջանակում քննարկվել է ԻՏՁՄ 2017-2021թթ. նոր ռազմավարության նախագիծը:
Ռազմավարության մշակմանը մասնակցել է ԻՏՁՄ անդամ 60 ընկերություն, անցկացվել է 6 աշխատանքային հանդիպում:
Նոր ռազմավարության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին եւ ԻՏՁՄ անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայրով, ոլորտի զարգացման ծրագրերով եւ շահերի պաշտպանությամբ:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն առկա խնդիրների շարքում առանձնացրել է արտաքին շուկաներում երկրի ճիշտ ներկայացումը:
«Աշխարհում գնալով մեծանում է տաղանդների սովը, ինչը մեզ հուշում է տեխնոլոգիապես գրագետ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը: Որքան շատ մասնագետ կարողանանք պատրաստել, այնքան մեծ կլինի նրանց պահանջարկը դրսում: Այսօր մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են արտասահմանի վրա, սակայն մենք թույլ չենք տա, որ տեխնոլոգիական զարգացման այդ բարիքներից չօգտվի նաեւ Հայաստանը: Իսկ դա հնարավոր կդառնա միայն ոլորտը համախմբելու շնորհիվ»,- հայտարարել է Ալեքսանդր Եսայանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշել է, որ նոր ռազմավարությունը կարելի է բնորոշել որպես ՏՏ բիզնեսի ռազմավարություն:
«Նախորդ համագումարը 2016թ. մարտին էր, որին հաջորդեց քառօրյա պատերազմը: Դա է պատճառը, որ միության գործունեության մեջ շատ մեծ հատված կազմեց ռազմարդյունաբերությունը, այդ թվում՝ զորացրված զինվորներին ծրագրավորում ուսուցանելը (շուրջ 150 մասնագետ այս պահին): Մեկ տարվա ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը հասցրել ենք 200-ի»,- նշել է Կարեն Վարդանյանը:
Միության անդամ, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ոլորտում շուրջ 20% աճ է ապահովվել:
«Այս տարի հետաքրքիր կառուցվածքային փոփոխություն է նկատելի ոլորտում: Ավելի մեծ թվով ստարտափներ են սկսել աշխատել սեփական լուծումների վրա: Դրան օգնում են նաեւ դրամաշնորհային ծրագրերը: Նոր ուղղություններ են հայտնվել, ինչպես արհեստական բանականությունը: Սա նոր հնարավորություն է հայ մասնագետների համար, երբ մաթեմատիկական գիտելիքներով եւ առանց լաբորատորիաների առկայության, հնարավոր է նորից բարձրանալ աշխարհի քարտեզի վրա: Սա լուրջ մարտահրավեր է նաեւ ԻՏՁՄ-ի համար, որպեսզի կարողանանք արդեն երրորդ ՏՏ ալիքն ապահովել»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքով՝ լավ է հաջողության պատմություններ ունենալը, սակայն ավելիին է պետք ձգտել:
«Արդեն պետք են մասշտաբներ, ինչը թույլ կտա ունենալ բազմաթիվ ՏՏ ընկերություններ, որոնք հայտնի կլինեն տարածաշրջանում եւ աշխարհում: Նշեմ, որ վենչուրային 2 ֆորում կկազմակերպենք մայիսի 4-ին եւ 5-ին: Մայիսի 4-ին կներկայանա 24 թիմ՝ մրցելով $50 հազ., իսկ ամսի 5-ին՝ 15 ծրագիր՝ $15 հազ. ֆինանսավորում ստանալու համար: Կարծում ենք, որ PicsArt-ների շարքը պետք է ավելացնել»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը: