Facebook-ը նախօրեին ԱՄՆ Սան Խոսե քաղաքում մեկնարկած F8 ծրագրավորողների համաժողովի շրջանակում ներկայացրել է վիրտուալ եւ լրացված իրականությանը վերաբերող երկու նորություն՝ Camera Effects եւ Facebook Spaces:

Camera Effects-ը ծրագրավորողների համար նախատեսված լուսանկարների եւ տեսահոլովակների էֆեկտների ստեղծման հարթակ է՝ լրացված իրականության տարրերով:

photo © Facebook


Տեսախցիկը ճանաչում է կադրում հայտնված օբյեկտները եւ առաջարկում դրանց ամենահարմար էֆեկտները: Օրինակ, եթե կադրում սուրճի բաժակ է, ապա տեխնոլոգիան առաջարկում է ավելացնել գոլորշու կամ բաժակում լողացող ձկների էֆեկտներ: Եթե, օրինակ, սեղմեք գինու շշի վրա, ապա կբացվի գինու խանութների քարտեզ եւ խմիչքն օնլայն գնելու հնարավորություն կստեղծվի:

«Էֆեկտներից ոմանք կլինեն զվարճալի, մյուսները՝ օգտակար»,- նշել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Camera Effects-ի բետա թեստավորումը մեկնարկել է ապրիլի 18-ին, առաջին օգտագործողներից են Մանչեսթեր Յունայթեդը, EA խաղեր մշակմամբ զբաղվող ընկերությունը եւ Nike սպորտային բրենդը:

Facebook Spaces-ը վիրտուալ իրականության սոցիալական ցանց է՝ նախատեսված Oculus Rift VR սաղավարտների եւ Touch կառավարիչների (controller) համար:

photo © Facebook


Facebook Spaces-ում օգտատերերը շփվում են միմյանց հետ վիրտուալ իրականությունում՝ օգտագործելով ձայնը եւ շարժումները, ինչպես նաեւ ձայնային հաղորդագրությունները: Օգտատերերն այդտեղ ներկայացված են իրենց ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարների ավատարների տեսքով: Ավատարները, որոնց արտաքին տեսքում կարելի է նաեւ փոփոխություններ կատարել, կարող են որոշակի էմոցիաներ փոխանցել:

Օգտատերերը կարող են միմյանց հետ հաղորդակցվել, դիտել 360 աստիճան տեսանյութեր, VR սելֆիներ անել, նկարել եւ այլն: Վիրտուալ իրականությունում նկարված օբյեկտները վերածվում են ինտերակտիվ օբյեկտների, որոնք կարելի է օգտագործել տարբեր նպատակներով: Ներկայում մեկ VR սեանսին կարող է մասնակցել մինչեւ 4 օգտատեր:

Facebook-ն ապագայում ծրագրում է Spaces-ը կիրառելի դարձնել նաեւ մյուս VR սարքերի համար: