13:30 | 05.04.17 | Նորություններ | 9061

Smarter Transportation Data հաքաթոնն ընդունում է հայտեր

Ապրիլի 15-16-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Smarter Transportation Data հաքաթոնը, որի նպատակն է նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշների կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ եւ սարքավորումներ:    

ISTC Նորարարական լուծումների կենտրոնում կայանալիք հաքաթոնի գրանցման վերջնաժամկետն ապրիլի 12-ն է: Գրանցվել կարելի է այստեղ:

Կարող են մասնակցել 2-4 հոգուց բաղկացած թիմեր, որոնք պետք է 24 ժամվա ընթացքում մշակեն եւ զարգացնեն նորարար գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Մասնակիցները պետք է օգտագործեն հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am եւ GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Smarter Transportation Data հաքաթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

-Ամենանորարար լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով - $4000 մրցանակ,
-Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար - $2500 մրցանակ,
-Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում - $1500 մրցանակ,

Հաքաթոնի կազմակերպիչներն են Optym Հայաստանը (միջոցառման գլխավոր հովանավոր), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը: Աջակիցը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է:

Ապրիլի 15-ին թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված «Խելացի զրույցների», որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները: