10:40 | 03.04.17 | Հոդվածներ | exclusive 63700

Մանկական գունազարդման նոր հավելված է գործարկվել

TeddyApps հայկական ընկերությունը գործարկել է երեխաների համար նախատեսված Teddy Coloring Book գունազարդման հավելվածը, որը հասանելի է Google Play-ում:  

Ընկերության հիմնադիր Արա Բադալյանը Itel.am-ին պատմել է, որ նմանատիպ այլ խաղերի համեմատ Teddy Coloring Book-ն ունի երեք էական տարբերություն:

«Առաջին տարբերությունն այն է, որ երեխան ներկում է մատով, այլ ոչ թե click-ով, ինչը թույլ է տալիս զարգացնել ներկելու ունակությունները եւ ներկելիս դուրս չգալ տվյալ շրջագծից։ Մյուս տարբերությունն այն է, որ գույներն ընտրելիս երեխան լսում է տվյալ գույնի անունը (այս գործառույթն առայժմ հասանելի է միայն անգլերենով)։ Խաղը տարբերվում է նաեւ յուրահատուկ դիզայնով՝ կան տարբեր բնագավառների նկարներ. խաղալիքներ, կենդանիներ, մեքենաներ եւ այլն»,- նշել է Արա Բադալյանը:  



TeddyApps-ի թիմում ընդգրկված է երկու Android ծրագրավորող, UX դիզայներ եւ երկու նկարիչ:

«Մանկական կրթական ու որակով խաղեր ստեղծելու միտքն ինձ մոտ առաջացել է այն ժամանակ, երբ փորձում էի այդպիսի խաղեր գտնել իմ երեխայի համար։ Հասկանալով շուկայի մեծ բացը՝ հատկապես Android հեռախոսների պարագայում, որոշեցի ստեղծել TeddyApps ընկերությունը՝ զբաղվելով մանկական բարձրորակ կրթական խաղերի մշակմամբ, որոնք չեն ներառի երեխաների վրա վատ ազդեցություն ունեցող գովազդներ։ Teddy Coloring Book-ը մեր ընկերության մշակած առաջին խաղն է»,- նշել է TeddyApps-ի հիմնադիրը:

Արա Բադալյանի խոսքով՝ հավելվածը նախատեսված է ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ շուկաների համար:

«Խաղը կարող է աշխատել տարբեր լեզուներով։ Ներկայում մեր նպատակն է Google Play-ում հնարավորինս շատ երկրներում լինել առաջինը՝ գունազարդման խաղերի կատեգորիայում»,- ընդգծել է TeddyApps-ի հիմնադիրը:

Արա Բադալյանը տեղեկացրել է, որ TeddyApps-ը ներկայում մշակում է ուսուցողական նոր խաղեր, որոնք կգործարկվեն առաջիկայում:

Նարինե Դանեղյան