12:08 | 13.03.17 | Հոդվածներ | exclusive 191519

    Հայկական Pixomatic-ը մարտահրավեր է նետում Photoshop-ին

    Վերագործարկվել է հայկական Pixomatic սմարթ ֆոտոխմբագրիչի iOS տարբերակը:

    Ինչպես Itel.am-ին տեղեկացրել է Pixomatic-ը մշակող Qube ընկերության մարքեթինգի պատասխանատու Գարիկ Ավետիսյանը, Pixomatic-ը համալրվել է մի շարք նոր գործառույթներով:

    «Սմարթֆոնների եւ մոբայլ լուսանկարչության դարում, մոբայլ ֆոտոխմբագրիչները Appstore-ի ամենապահանջված հավելվածներից են: Եվ չնայած նրան, որ հարյուրավոր մեծ ու փոքր ֆոտոխմբագրիչներ են այսօր առկա, նրանցից ոչ մեկը չի կարող մրցել Photoshop-ի հետ՝ նկարում ճշգրիտ կտրվածքներ անելու եւ կոմպոզիցիաներ ստեղծելու հարցում: Թարմացված Pixomatic-ը հենց նման մարտահրավեր է նետում Photoshop-ին»,- նշել է Գարիկ Ավետիսյանը:

    Pixomatic-ի թիմը մշակել է մեքենայական ուսուցման եւ համակարգչային վերջին տեխնոլոգիական միտումների վրա հիմնված ալգորիթմներ՝ ստեղծելով ոճային փոփոխությունների ֆիլտրեր եւ նկարում ամենաբարդ հատվածներից մեկի՝ մազերի կտրման հնարավորություն: Գարիկ Ավետիսյանի խոսքով՝ Pixomatic-ն աշխարհում առաջին ֆոտոխմբագրիչն է, որը ներկայացնում է մազերի կտրման գործառույթ:

     

    Ինչ վերաբերում է մյուս նորությանը՝ ոճի փոփոխության ֆիլտրերին, ապա նմանատիպ այլ հավելվածների համեմատ Pixomatic-ի առավելությունն այն է, որ բոլոր ֆիլտրերը հասանելի են սարքի ներսում մշակման համար: Այս հանգամանքը թույլ չի տալիս, որ տեղի ունենա ինֆորմացիայի փոխանակում, որն էլ կարող է հանգեցնել թրաֆիկի լրացուցիչ ծախսերի: Չեն առաջանում նաեւ գաղտնիության հետ կապված հարցեր:

    Pixomatic-ի 15-հոգանոց թիմը շուտով կներկայացնի նաեւ ոճի փոփոխության ֆիլտրեր՝ հիմնված Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի եւ Հրաչյա Քոչարի աշխատանքների վրա:


    Itel.am-ը հիշեցնում է, որ Pixomatic (Pixel automation) սմարթ ֆոտոխմբագրիչը մշակվել է Qube ընկերության թիմի կողմից՝ 2015թ.: Հավելվածն այսօր ունի 360 հազ. ներբեռնում AppStore-ում եւ 100 հազ. ներբեռնում Google Play-ում: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: iOS տարբերակը կարելի է ներբեռնել՝ վճարելով $4,99:

    Նարինե Դանեղյան