18:25 | 22.03.17 | Նորություններ | 14383

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կոտայքում լուծվել է 6 ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում աջակցություն է ստացել 6 ընտանիք:

Ծրագրի գործունեության 5 տարիների ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիք՝ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն դրամի ներդրում է կատարել:

«Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարեւոր է եւ արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիս՝ ոգեւորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին եւ երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով եւ ձգտում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

‹‹Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլեւ, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին››,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: