11:22 | 02.03.17 | Նորություններ | 14905
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր 2017» մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում եւ արժանացել է պարգեւի՝ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն:
«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում եւ մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում:
Պարգեւատրված 10 կառույցների շարքում եւս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները:
«Կարեւորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսեւորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում եւ գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: